Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները կարեւոր են․ ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան

Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել հայ-վրացական  բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ուղված ջանքերը՝ շեշտելով երկու երկրների ոլորտային համագործակցության ուղղությունների ընդլայնման անհրաժեշտությունը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։

 Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և զբաղվածության, երեխաների հիմնահարցերի, ինչպես նաև կենսաթոշակային ապահովության ոլորտներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Երկուստեք ընդգծվել է Վրաստանի օկուպացված տարածքներից հարկադրաբար տեղահանված անձանց հարցերի, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության հետ նախատեսվող փոխըմբռնման հուշագրի ստորագրման կարևորությունը։

Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել հայ-վրացական  բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ուղված ջանքերը՝ շեշտելով երկու երկրների ոլորտային համագործակցության ուղղությունների ընդլայնման անհրաժեշտությունը։

«Վրացի գործընկերների հետ համատեղ ոլորտային աշխատանքներում կարևորում ենք աշխատանքի և զբաղվածության ոլորտում օրենսդրական կարգավորումների մասով փորձի փոխանակման, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կյանքի որակի բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացումը։ Մեզ համար կարևոր է նաև կենսաթոշակային ապահովության ոլորտում միջպետական համաձայնագրի ստորագրումը՝ կենսաթոշակի նշանակման և վճարման գործընթացն առավել հստակեցնելու նպատակով»,- նշել է նախարարը։

Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ միջազգային հարթակներում համատեղ ծրագրերով ու նախաձեռնություններով հանդես գալու անհրաժեշտությունը քննարկվել է վրացի գործընկերների հետ տարբեր միջազգային միջոցառումների շրջանակում։ Նախարարը նշել է, որ  ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 67-րդ նստաշրջանում ևս վրացական կողմը ներկայացնող ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ընդգծվել է համագործակցության ակտիվացմանն ու համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։

Դեսպան Գիորգի Շարվաշիձեն ևս շեշտել է Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների կարևորությունը և հույս հայտնել, որ առաջիկայում արդյունավետ հանդիպումներն առավել հաճախակի կդառնան․

«Եզակի հնարավորություն ունենք Հայաստանի հետ քննարկումներ իրականացնել եղբայրական հարաբերությունների մեջ։ Մենք շատ ուրախ ենք, որ ոլորտային գերատեսչությունների միջև անմիջական կապ կա, և համոզված ենք, որ դրանք շարունակական կլինեն։ Եվ՛ Վրաստանում, եվ՛ Հայաստանում իրականացվում են բազմաթիվ բարեփոխումներ, և շատ լավ կլինի շարունակել փորձի փոխանակման ու համագործակցության համար նպաստավոր պայմանների ստեղծումը»,- նշել է դեսպանը։    

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև համատեղ բիզնես ֆորում անցկացնելու հնարավորությունը․ պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված հարցերը տեղափոխել գործնական փուլ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print