Արմավիրում ծիրանի այգիների 40-60% ցրտահարվել են

Շաբաթվա սկզբին, պայմանավորված սկանդինավյան ցիկլոնով, Հայաստանում օդի ջերմաստիճանը կտրուկ նվազեց, անգամ ձյուն տեղաց, իսկ ծիրանենին արդեն ծաղկել էր։

Radar Armenia-ն պարզել է, թե ջերմաստիճանի կտրուկ նվազումը ինչ հետևանքներ է թողել գյուղատնտեսության վրա։

ՀՀ Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն պետ Արթուր Այվազյանը նշեց, որ մարզում ցրտահարություն եղել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ «Վնասվել են հիմնականում Բաղրամյանի տարածաշրջանի Բագարան, Երվանդաշատ, Քարակերտ, Արգինա, Դալարիկ բարձրադիր համայնքները։ Հիմնական վնաս կրել են պտղատու այգիները։ Վերը նշված հատվածներում էլ հիմնականում ծիրանենու այգիներ են»,- ասաց Այվազյանը՝ հավելելով, որ գրանցվել է -3 -ից -4 աստիճան ցուրտ. «Վնասի չափն առանձին հատվածներում կազմել է 40-60%։ Ցուրտը հիմնականում գրանցվում է երկու մետր բարձրության վրա»։

Արթուր Այվազյանի խոսքով՝ կփոխատուցվի միայն նրանց վնասը, որոնք ապահովագրել են իրենց բերքը։

Հարցին՝ իսկ հնարավո՞ր էր նախապես կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել և խուսափել վնասներ կրելուց, ոլորտի պատասխանատուն ասաց, որ հնարավոր չէր, եթե անգամ ծխապատում էլ իրականացվեր․ «Նախ, պետք է համատարած բոլորը դա անեին։ Բայց -3, -4 աստիճան ցրտի դեպքում ծխապատումը չի օգնում»։

Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն պետն այս պահին չկարողացավ հստակ թվեր նշել, թե որքան է կազմել վնասի չափը՝ պատճառաբանելով, որ համայնքային հանձնաժողովները դեռ նման արձանագրություն չունեն։ Վստահեցրեց՝ եթե համայնքային հանձնաժողովները տվյալներ ներկայացնեն մարզպետարան, հստակ թվեր կարող են ներկայացնել վնասի չափի առնչությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print