ՌԴ խաղաղապահների օգնությամբ Արցախում գնաճը կարգավորվել է. Գուրգեն Ներսիսյան

Արցախում մանրածախ ապրանքների գնաճը ՌԴ խաղաղապահների հետ համատեղ աշխատանքի արդյունքում սկսել է կարգավորվել։ Այս մասին գրառում է արել Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

Նա հիշեցրել է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակումից հետո շուկայում ձևավորվել էր մանրածախ պարենային ապրանքների բավականին մեծ գնաճ, ինչը պայմանավորված էր մի խումբ տնտեսվարող սուբյեկտների կողմից իրականացված անօրինական գործողություններով:

«Այդ անընդունելի երևույթին վերջ տալու համար Արցախի Հանրապետության կառավարությունը և իրավապահ մարմինները բավականին մեծ աշխատանք են կատարել, որին միացել են նաև Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերը, այդ թվում` նրանց կազմում ընդգրկված ՌԴ իրավապահ մարմինների ներկայացուցիչները»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։

Ներսիսյանը հավելել է, որ այս առումով համագործակցությունը արդեն բավականին արդյունքներ է ապահովել։ Համատեղ մշակվել են և շարունակաբար մշակվում են հնարավոր կոռուպցիոն գործարքները բացահայտելու և դրանց կատարմանը նպաստող պայմանները վերացնելու քայլերը։

«Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարության և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ծառայողների ջանքերը, որոնք էականորեն նպաստեցին իրավիճակի համեմատական կարգավորմանը»,– նշել է նա։

Պետնախարարի խոսքով` այս ուղղությամբ համատեղ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print