Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունքը պահպանվում է 3 տարի:
Օրենսդրական նախաձեռնությամբ փրկարար ծառայողները կատեստավորվեն, ինչի արդյունքում կբարձրանան նրանց աշխատավարձերը։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:
Արփինե Սարգսյանը նշել է, որ առաջարկվում է ներդնել ատեստավորման նոր համակարգ, որի արդյունքներով փրկարարական ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար, որի կարգը, պայմաններն ու վճարման չափը կսահմանվի Կառավարության որոշմամբ:
Ատեստավորման գործընթացը մեկնարկելու է 2023 թվականի մայիսից:
Նշվել է, որ ատեստավորման ընթացքում ստուգվելու են ծառայողի ֆիզիկական պատրաստվածությունը, մասնագիտական գիտելիքները՝ թեստային եւ տեսական կամ գործնական ստուգարքի տեսքով:
Իսկ կարգապահական տույժի առկայությունը, ինչպես նաեւ ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն նշանակված լինելու հանգամանքը հիմք չէ ատեստավորմանը չթույլատրելու համար:
Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունքը պահպանվում է 3 տարի:
Փոխնախարարի հավաստմամբ նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում Փրկարար ծառայությունում կապահովվի պատշաճ մասնագիտական պատրաստվածություն՝ միաժամանակ բարձրացնելով փրկարարական ծառայողների աշխատավարձերը:
«Համակարգում պետք է մնան այնպիսի մարդիկ, որոնք համապատասխանում են օրենսդրությանն ու Փրկարար ծառայության հիմնարար պահանջներին»,- ասել է Արփինե Սարգսյանը:
Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:
Հարցն առաջիկա հերթական նիստում կքննարկվի 24-ժամյա ռեժիմով: