Շուռնուխում կառուցվել է բնակելի 9 տուն, 4-ը` ընթացիկ փուլում է

Շինաշխատանքների ավարտը նախատեսված է 2023թ. հունիսի 30-ին:

Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ բնակավայրում նոր թաղամասի կառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021թ․ ապրիլի 26-ին: Radar Armenia-ն հարցմամբ դիմել է ՀՀ քաղաքաշինության կոմիտե՝ պարզելու, թե ինչ փուլում է շինարարությունը, արդեն քանի տուն է կառուցվել, դրանցից քանիսն են կիսակառույց, մինչ այս պահը որքան գումար է ծախսվել, և երբ են ավարտվելու շինաշխատանքները։

Կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչությունից մեզ պատասխանել են, որ Սյունիքի Գորիս համայնքի սահմանամերձ Շուռնուխ բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման ծրագրի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Բնակելի 9 տուն արդեն կառուցվել է, մնացած 4-ը կառուցման փուլում է: Մինչ այս պահը ծախսվել է 699.3 մլն դրամ:

Նշենք, որ ըստ քաղաքաշինության կոմիտեի՝ 2022թ․ օգոստոսի 22-ի հաղորդագրության՝ նախատեսվում էր թաղամասը շահագործման հանձնել 2022թ․ չորրորդ եռամսյակում: Խնդրել ենք՝ պարզաբանեն, թե որոնք են եղել ժամկետները չկատարելու պատճառները։

Քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչությունից հայտնել են, որ պայմանագրի համաձայն՝ շինաշխատանքների ավարտը նախատեսված է 2023թ. հունիսի 30-ին:

Իսկ թե ինչու նախապես հայտարարված ժամկետում շինարարական աշխատանքները ավարտին չեն հասցվել, կոմիտեն ներկայացրել է հետևյալ հիմնավորումները. «Նախապես սահմանված ժամկետում պայմանագրով նախատեսված աշխատանքներն ամբողջ ծավալով չեն իրականացվել՝ պայմանավորված 2022թ․ տեղի ունեցած սահմանային միջադեպերով, ցեմենտի դեֆիցիտի պատճառով բետոնացման աշխատանքների՝ ժամանակին իրականացման անհնարինությամբ, ինչպես նաև ճանապարհի փլուզման հետևանքով առաջացած, առանց այդ էլ բարդ, լոգիստիկ խնդիրներով»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print