Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ է ներկայացրել հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագիրը։
Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները կմասնակցեն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագրի քննարկմանը։
Radar Armenia-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ասաց, որ խմբակցությունը մասնակցելու է հարցի քննարկմանը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ նշեց՝ հաշվի առնելով հանգամանքը, որ հարցը վերաբերվում է «Հայաստան» խմբակցության անդամին, իրենց մոտեցումները ձևավորվում են՝ գործընկեր խմբակցության դիրքորոշումից ելնելով․ «Ավելի հստակ կարձագանքեմ, երբ գործընկեր խմբակցությունն այդ հարցով իր դիրքորոշումն արտահայտի` մասնակցելու՞ է, թե՞ ոչ»:
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Ազգային ժողով է ներկայացրել հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագիրը, և խորհրդարանն առաջիկա նիստում կքննարկի այն։
Հիշեցնենք՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ պատգամավորներ Մհեր Սահակյանն ու Վլադիմիր Վարդանյանը վիճաբանել էին, որի ժամանակ Սահակյանը հարվածել էր Վարդանյանին՝ հասցնելով մարմնական վնասվածք։