«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության 2011 . N 1024-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է 2022 թվականի նոյեմբերի 24-ի «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-451-Ն օրենքի ընդունմամբ, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած որոշակի խնդիրների կանոնակարգմամբ։
Նախագծով առաջարկվում է օրենքին համապատասխան նախատեսել, որ եթե հաշվարկային ժամանակահատվածը ներառում է նաև վարձու աշխատողի` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու՝ մինչև 2023 թվականի հուլիսի 1-ն ընկած ամիսներ, ապա այդ ամիսներից յուրաքանչյուրի համար որպես եկամուտ հաշվառվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի հիսուն տոկոսը:
Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել, որ՝ – այն դեպքում, երբ մինչև 3 տարեկան կամ մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխայի մայրը (խնամակալը, հոգաբարձուն) հիվանդության կամ ընտանիքի մյուս հիվանդ անդամի հետ հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու պատճառով ի վիճակի չէ երեխայի խնամքն իրականացնել, երեխային խնամող անձին անաշխատունակության թերթիկ տրամադրում է երեխային առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունը՝ հիմք ընդունելով երեխայի մոր (խնամակալի, հոգաբարձուի) առողջական վիճակի մասին բժշկական փաստաթուղթը (երեխայի խնամքով զբաղվող անձի՝ նպաստի իրավունք ունենալու պայմանը սահմանված է օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով),
– փոխնակ (սուրոգատ) մորից ծնված երեխայի կենսաբանական մորն անաշխատունակության թերթիկը տրամադրում է այն բժշկական կազմակերպությունը, որտեղ իրականացվել է փոխնակ մոր հղիության հսկողությունը, (այն բժշկական կազմակերպությունը, որը պահանջն առաջանալու դեպքում անաշխատունակության թերթիկ է տրամադրելու փոխնակ մորը, երեխայի կենսաբանական մոր՝ նպաստի իրավունք ունենալու պայմանը սահմանված է օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով),
– նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված վարձու աշխատողին, նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին անաշխատունակության թերթիկ տրամադրում է նորածնին առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունը (երեխայի կենսաբանական մոր՝ նպաստի իրավունք ունենալու պայմանը սահմանված է օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով)»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: