Արշակ Հակոբյանը «լվացել է» հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 351 մլն 497 հազար 422 դրամը և 75 մլն դրամ արժեքով անշարժ գույքը:
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը մերժել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Արշակ Հակոբյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը և կալանքի տակ մնալու ժամկետը երկարացրել է ևս 3 ամսով։ Այս մասին տեղեկացնում են դատական դեպարտամենտից:
Սույն դատական նիստին ավարտվել է քրեական դատավարության օրենքի 311-րդ հոդվածով սահմանված քննարկումը, դատարանը նախնական դատալսումների փուլը հայտարարել է ավարտված և անցել է հիմնական դատալսումների փուլին։
Նշենք, որ հաջորդ դատական լսումները նշանակվել են ապրիլի 19-ին, ժամը՝ 16։00-ին, որի ժամանակ հարցաքննության կհրավիրվեն թվով 5 վկաներ, որոնցից առաջինը կհարցաքննվի Վլադիմիր Գասպարյանը, ով Հակակոռուպցիոն դատարանում քննվող՝ թիվ ՀԿԴ/0036/01/22 գործով հանդիսանում է ամբաստանյալ։