Իմ արարքը բացառապես հայ տղամարդու, թասիբով հայի արարք է, որը չի հարում որևէ քաղաքական ուժի, ունի իր սեփական կարծիքն ու իր տեսլականն այս ամենի վերաբերյալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում ասել է Երևանում Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ Ադրբեջանի դրոշն այրած դիզայներ Արամ Նիկոլյանը։
«Իմ ցանկությունը եղել է անել բացառապես այն, որ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում չծածանվի Ադրբեջանի դրոշը, և, ամենակարևորը, որ երբեք չմտածեն, թե հայերը սովորում են կամ փորձում են հարմարվել ինչ-որ իրավիճակների»,-ասել է Նիկոլյանը։
Նա նաև հավելել է, որ ցավում է այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ իր արարքը կարող է վատ կերպով անդրադառնալ սահմանում կանգնած զինծառայողների վրա:
«Ես աղոթում եմ այդ տղաների ու այն մարդկանց համար, ովքեր պահում են իմ սահմանները։ Վստահ եմ, որ եթե կան այնպիսի մարդիկ, ովքեր կարծում են, որ ես պիտի չանեի, թող կարծեն իրենց տանը ու, փակցնելով Ադրբեջանի դրոշն իրենց տանը, փարատվեն դրանով»,- եզրափակել է դիզայները՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն մարդկանց, ովքեր սատարել են իրեն։
Հիշեցնենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում տեղ է ունեցել դրոշների շքերթը։ Երրորդ երկիրը հայտարարվել է Ադրբեջանը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն տրիբունաները սուլել են, երբ դահլիճ է բերվել Ադրբեջանի դրոշը։
Քիչ անց մարզադահլիճից երկրպագուներից մեկը վազել է բեմ, դրոշը պահող աղջկա ձեռքից խլել այն, վառել և դուրս հանել դահլիճից։ Անվտանգության աշխատակցին հաջողվեց բռնել ակցիա իրականացնողին, այնուհետև նոր դրոշ բերել ներս։
Լուսանկարներից և տեսանյութից պարզ է դարձել, որ այդ երկրպագուն դիզայներ Արամ Նիկոլյանն է։ Նա բերման է ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին, սակայն որոշ ժամանակ անց ազատ է արձակվել։