Տնային պայմաններում պատրաստված օղին դարձել է 9 մարդու մահվան պատճառ

Տնային պայմաններում պատրաստված օղու մեջ հայտնաբերվել է «մեթիլ» սպիրտ, որն էլ դարձել է մարդկանց մահվան պատճառ։

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ 2020 թվականի օգոստոսի 31-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել Ոստիկանության Արմավիրի բաժին այն մասին, որ «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ՝ ծանր վիճակում, բուժօգնության են դիմել Արմավիր քաղաքի մի խումբ բնակիչներ:

«2020 թվականի սեպտեմբերի 1-ին Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նախկին Քրեական օրենսգիրք) 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) հարուցվել էր քրեական գործ (վարույթ):

Նույն ժամանակահատվածում «սուր ալկոհոլային թունավորում» և «թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել Արմավիր քաղաքի 30 բնակիչ:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ քաղաքացի Ա.Հ.-ն, չունենալով պետական գրանցում և հատուկ թույլտվություն (լիցենզիա), 5 տարի՝ 2015 թվականից մինչև 2020 թվականը, Արմավիր քաղաքի իր տանը սպիրտը նոսրացնելու եղանակով պատրաստել է օղի, ինչպես նաև այլ ալկոհոլային խմիչքներ, որոնք վաճառելով ստացել է շահույթ՝ պետությանը պատճառելով 75 մլն 73 հազար դրամի վնաս:

Ա.Հ.-ն, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու ընթացքում, Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Ա.Ա.-ի միջոցով՝ Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ Ա.Վ.-ից ձեռք է բերել 1000 լիտր սպիրտ և, չնախատեսելով անհայտ ծագման սպիրտի մեջ հնարավոր մեթիլ սպիրտի առկայությունը, սպիրտը ջրով նոսրացնելով՝ պատրաստել է եռակոմպոնենտ խառնուրդ պարունակող հեղուկ և որպես ալկոհոլային խմիչք վաճառել է՝ առաջացնելով 9 անձի մահ և 1 անձի առողջությանը պատճառելով ծանր վնաս:

2023 թվականի մարտի 29-ին դատախազի կողմից որոշում է կայացվել Ա.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ նախկին Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն) և 279-րդ հոդվածի 3-րդ մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը):

Նախաքննության ընթացքում հաստատվել է նաև, որ Արտաշատ գյուղի բնակիչ Ա.Վ.-ն, լինելով անհատ ձեռնարկատեր, զբաղվելով ալկոգելի և այլ ախտահանիչ նյութերի արտադրությամբ և իրացմամբ, քննությամբ չպարզված ժամանակահատվածում և աղբյուրից, ապօրինի ձեռք է բերել և պահել թունավոր նյութ՝ մեթիլ սպիրտ, որից պատրաստված` մեթանոլի թույլատրելի սահմանային չափը գերազանցող՝ 21,8%-26,33% պարունակությամբ, 1000 լիտր ծավալով եռակոմպոնենտ խառնուրդը, 2020 թվականի օգոստոսի 23-25-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի վաճառել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Ա.Ա.-ին, իսկ 600 լիտրը, թաքցնելու նպատակով, տեղափոխել և պահել է իր մորեղբորը պատկանող ավտոտնակի նկուղում:

2023 թվականի մարտի 29-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Ա.Վ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ նախկին Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասով (խիստ ներգործող կամ թունավոր նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը):

2023 թվականի ապրիլի 17-ին հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print