Անդրանիկ Կարապետյանի մրցելույթները կմեկնարկեն ժամը 17.30, իսկ կանանց պայքերը՝ ժամը 20.00։
Այսօր ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեդալների համար կպայքարեն 76 կգ կանայք և 89 կգ տղամարդիկ: Հայաստանը այս քաշային կարգերում ունի երեք ներկայացուցիչ։ Տղամարդկանց պայքարում 89 կգ քաշում մրցահարթակ դուրս կգա Անդրանիկ Կարապետյանը, իսկ 76 կգ քաշայինների կանանց պայքարում մրցահարթակ դուրս կգան Տաթև Հակոբյանը և Էմմա Պողոսյանը:
Նշենք, որ Անդրանիկ Կարապետյանի մրցելույթները կմեկնարկեն ժամը 17.30, իսկ կանանց պայքերը՝ ժամը 20.00։
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից Իզաբելլա Յայլյանը կանանց A ենթախմբի 55 կգ քաշայինների պայքարում երկամարտի 196 կգ արդյունքով (87+109) զբաղեցրեց երրորդ հորիզոնականը՝ արժանանալով բրոնզե մեդալի։ Նա փոքր բրոնզե մեդալներ նվաճեց հրում և պոկում վարժություններում։
67 կգ քաշային կարգում Գոռ Սահակյանը երկամարտի 320 կգ արդյունքով (145+175 կգ) ոսկե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում։ Պոկում և հրում վարժություններում ևս Գոռը նվաճեց փոքր ոսկիները։
81 կգ քաշային պայքարում Ռաֆայել Հարությունյանը երկամարտի 337 կգ արդյունքով (150+187 կգ) երրորդ տեղն է զբաղեցրել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում և դարձել է բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդը նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել՝ բարձրացնելով 187 կգ կշռող ծանրաձողը: