Իրանից բերված կաթի սերն է պատճառը․ «Հրապարակ»

Ապրիլի 5-ից, Ռուսաստանի պահանջով, դադարեցվել է Հայաստանից կաթնամթերքի մատակարարումը Ռուսաստան։ Պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ Հայաստանից Ռուսաստան ներկրվող կաթնամթերքում հայտնաբերվել է Ռուսաստանում արգելված իրանական ծագման հումք։

Անցել է 2 շաբաթ։ ՀՀ Սննդի անվտանգության տեսչական մարմինն ու Ռոսսելխոզնադզորը, որոնց միջեւ բանակցություններ են ընթանում, պայմանավորվել են փուլ առ փուլ կարգավորել հարցը: Կաթնամթերք արտադրող ու արտահանող հայաստանյան կազմակերպություններին, որոնք աշխատում են միայն տեղական եւ ՌԴ-ում թույլատրված հումքով, ՍԱՏՄ-ն առաջարկել է դիմել իրենց, որ իրենց ընկերություններում ուսումնասիրություններ իրականացնեն: Այն կազմակերպությունները, որոնք կբավարարեն սահմանված պահանջները, կներկայացվեն Ռոսսելխոզնադզորի դիտարկմանը: ՍԱՏՄ-ից մեզ հայտնեցին, որ արդեն կան դիմողներ, եւ վաղը սկսվելու են ուսումնասիրություններն ու ստուգումները։ «Փուլային է գործընթացը լինելու։ Օրենքը մեզ դա թույլ է տալիս՝ ուսումնասիրություններ իրականացնել ստուգումների մեր ծրագրով, բողոքի դեպքում կամ էլ այն դեպքում, եթե կազմակերպությունը դիմել է մեզ եւ պատրաստ է, որ իր մոտ ստուգումներ իրականացվեն»,- ասում է ՍԱՏՄ խոսնակը։ ՍԱՏՄ ուսումնասիրությունների արդյունքներն ուղարկվելու են ՌԴ տեսչական մարմնին, որտեղ էլ կորոշվի արգելքը հանելու հարցը։

Թե որ ընկերությունների արտադրած կաթնամթերքում է ռուսական Ռոսսելխոզնադզորն իրանական հումք հայտնաբերել, ՍԱՏՄ-ից չեն հայտնում։ Մեր տեղեկություններով, ռուսական տեսչական մարմնի փաստաթղթերում նշված է երեք ընկերություն՝ «Մարիաննան», «Երեւան կաթը» եւ Գյումրու կաթնամթերք արտադրողներից մեկը։ Նշենք, որ «Երեւան կաթը» նույն «Մարիաննան» է: «Մարիաննայից» հրաժարվեցին մեր հարցերին պատասխանել՝ ասելով, որ իրենց տնօրենը հանրապետությունում չէ, եւ նրանից բացի ոչ ոք չի կարող հարցերին պատասխանել։ Զրուցեցինք «Իգիթ» ընկերության տնօրեններից մեկի հետ, որն ասաց, որ իրենք իրանական հումք չեն օգտագործում, բայց հայկական շատ ընկերություններ են դա օգտագործում։

«Մի երկու ընկերություն արեցին, բայց բոլորը տուժեցին։ Մեր ընկերության 10 տոկոսն էր արտահանում, բայց, միեւնույն է, մենք տուժել ենք։ Մենք գործընկեր ունեինք Կրասնոդարում, որին անարատ արտադրանք էինք տանում վաճառում, հիմա ինչո՞ւ մենք պետք է տուժենք։ Մեզ համար այդ 10 տոկոսը մեծ բան է»,- ասաց «Իգիթի» ներկայացուցիչը։ Հնարավո՞ր է, որ ռուսական արգելքը քաղաքական նպատակ ունենա` որպես պատիժ Հաագայի դատարանի ստատուտին միանալու եւ Պուտինին ձերբակալելու մտադրությունների։ «Ոչ, քաղաքական նպատակ չկա,- կարծում է կաթնամթերք արտադրողը,- իրենք իրենց շուկան են պաշտպանում, որտեղ կաթի արտադրությունը ստրատեգիական նշանակություն ունի։ Իրանական հումքը կաթի սեր է, սառեցված վիճակում, որից կարագ են սարքում։ Բայց երբ են արտադրել, ինչքան ժամանակ են պահել էդ սերը, ոչ ոք չգիտի»։ 

ՍԱՏՄ նախկին պետ Գեորգի Ավետիսյանի հետ ուզում էինք զրուցել կաթի թեմայով, հարցնել, թե ովքեր են Հայաստանում իրանական հումքով կաթնամթերք սարքում, ինչպես է արտադրանքը սերտիֆիկացվել, արտահանվել ՌԴ, սակայն նա ասաց, որ չի կարող պատասխանել այդ հարցերին` ոչնչից տեղյակ չէ։ Դա նույնն է, թե ասեր, որ երբեք չի աշխատել ՍԱՏՄ պետ, գուցե այնտեղի պահակն է եղել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print