Մենք տեղեկացանք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի մեղադրանքի գործով վաղեմության ժամկետը շուտով կլրանա, եւ սա եւս կդառնա քաղաքական շոու, որի արդյունքում որեւէ պատիժ չի կարող նշանակվել։
Հիշեցնենք, որ նրան երկու մեղադրանք էր առաջադրվել` մեկը 2008 թվականի Մարտի 1-ի գործով, որը Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց: Իսկ երկրորդ գործի հիմքում Սիլվա Համբարձումյանի ցուցմունքներն են, եւ մեղադրանքը վերաբերում է նրան, որ Քոչարյանը, լինելով ՀՀ նախագահ, 927 մլն ՀՀ դրամին համարժեք 3 մլն ԱՄՆ դոլար կաշառք է վերցրել գործարարից, որպեսզի նպաստի Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքի շահագործման եւ վաճառքի գործարքին չխոչընդոտի։
Այս մեղադրանքով անցնում է նաեւ գործարար Սամվել Մայրապետյանը, ով առողջական խնդիրների պատճառով տեւական ժամանակ է՝ հեռացել է Հայաստանից, ապրում է Գերմանիայում: Այսինքն, այս գործով մեղադրյալի աթոռին միայն Ռոբերտ Քոչարյանն է, ով մեղադրանքը չի ընդունում։ Ապրիլի 18-ին այս գործով հերթական նիստն է տեղի ունեցել, դատական քննությունը գրավոր ապացույցների հետազոտման փուլում է։ Մենք Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանին հարցրինք` տեղեկություն ունենք, որ այս մեղադրանքով լրանում է վաղեմության ժամկետը, եւ եթե դատարանը մեղադրանքն անգամ հաստատված համարի, չի կարող մեղադրական դատավճիռ կայացնել, ճի՞շտ է:
Նա ասաց, որ այդ հարցի վերաբերյալ Քոչարյանի հետ քննարկում չի ունեցել, հետեւաբար չի կարող մեկնաբանություն տալ, բայց անդրադառնալով Քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներին՝ Խուդոյանն ասաց․ «Վաղեմության ժամկետի լրանալու հիմքով գործի դադարեցումը որեւէ նախապայման չունի, ընդամենը անձի համաձայնությունն է պետք, մեղքն ընդունել-չընդունելու հարց չի քննարկվում»։ Այսինքն՝ Քոչարյանից պահանջվում է ընդամենը համաձայնություն տալ, որպեսզի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով գործը կարճվի, սակայն նա կարող է նաեւ համաձայնություն չտալ եւ պահանջել, որ գործի քննությունը շարունակվի, եւ իր անմեղությունն ապացուցվի: Սակայն եթե նույնիսկ մեղքը հաստատվի էլ, ինչը քիչ հավանական է, ապա պատիժ նշանակվել չի կարող։
Փաստաբանն ասաց, որ հստակ ամսաթիվ չի կարող նշել, թե երբ է լրանում վաղեմության ժամկետը, քանի որ գործում տարբեր ամսաթվեր կան, եւ դրա հետ կապված տարբեր մեկնաբանություններ կան։
Նշենք, որ ենթադրյալ կաշառքի դեպքը տեղի է ունեցել 2008 թվականի փետրվար-մայիսին, իսկ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի վաղեմության ժամկետը 15 տարի է, այսինքն՝ ամենաուշը մայիսի վերջին վաղեմության ժամկետը կանցնի, եւ այս մեղադրանքն էլ ի դերեւ կելնի։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում