Սյունիքի մարզպետը UNHCR-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է հետագա ծրագրերի հետ կապված հարցեր

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա անելիքների, առաջնահերթությունների ու ծրագրերի հետ կապված հարցեր։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ապրիլի 19-ին ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի (UNHCR Armenia) նորանշանակ ղեկավար Կավիտա Բելանիին ու գործակալության այլ ներկայացուցիչների, հայտնում են Սյունիքի մարզպետարանի մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում մարզպետը վստահություն է հայտնել, որ կազմակերպությունը կշարունակի համագործակցությունը մարզային իշխանության հետ, ինչպես նաև ծրագրերը, որոնք մինչ այժմ հաջողությամբ իրականացվել կամ ընթանում են։

«Կավիտա Բելանին իր կազմակերպության ղեկավարության ու հայաստանյան գործընկերների անունից շնորհակալություն է հայտնել մարզպետին՝ Արցախից տեղահանված ու Սյունիքում հաստատված կամ ժամանակավորապես ապաստանած անձանց հյուրընկալելու, նրանց խնդիրների լուծման, կարիքների բավարարման ուղղությամբ կատարվող աշխատանքի համար, որի մասին նախապես տեղեկացվել էր։

Նա հետաքրքվել է, թե մարզպետարանն ինչ մեթոդաբանությամբ ու հնարավորություններով է քաղաքականություն իրականացնում այս անձանց աջակցելու հարցում»,-ասված է հաղորդագրությունում։։

Բելանին նաև առաջարկել է մարզային մակարդակում աշխատանքային համատեղ հարթակ հիմնել՝ ոլորտի բոլոր տեղական ու միջազգային դերակատարների մասնակցությամբ՝ աշխատանքի առավել արդյունավետ համակարգման ու թիրախային իրականացման համար։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա անելիքների, առաջնահերթությունների ու ծրագրերի հետ կապված հարցեր՝ որոշ խնդիրների լուծման ուղղությամբ նախապես ձեռք բերելով համագործակցության ու կոնկրետ գործողությունների պայմանավորվածություն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print