ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը որոշել է ակցիա անել և չիջնել ամբիոնի մոտից։ Այդ մասին նա հայտարարեց ԱԺ–ում կառավարության 2022 թվականի կատարողականը ներկայացնելուց հետո մտքերի փոխանակության ժամանակ։
«Հայտարարում եմ քաղաքական ակցիա և ի նշան բողոքի չեմ իջնելու ԱԺ ամբիոնից։ Թույլ չեմ տալու երկրի թիվ 1 ամբիոնից կրկին ստեր հնչեցնել, կասկածի տակ դնել Արցախի հայկական լինելը կամ հայ ժողովրդի պատմությունը։ Սիրելի գործընկերներ, եթե համաձայն եք իմ դիտարկումների հետ, ապա կարող եք միանալ իմ ակցիային։ Այլևս չեմ կարող հանդուրժել, որպեսզի սուտը, կեղծիքը, բանսարկությունն ու մարդկանց անվանարկումը հնչի այս բարձր ամբիոնից։ Բավակա՛ն է։ Սթափվե՛ք ու հասկացե՛ք ձեր պատասխանատվության չափաբաժինը»,– ասաց Թովմասյանը։
Ալեն Սիմոնյանը հորդորեց դադարեցնել այդ ակցիան` հայտարարելով, որ հակառակ դեպքում կկանչի անվտանգության աշխատակիցներին, այնուհետև ընդմիջում հայտարարեց։ Այդ ընթացքում Թովմասյանին միացան «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Աննա Գրիգորյանը։