Կանայք կամավոր կերպով կարող են զորակոչվել և պարտադիր 6-ամսյա ծառայության անցնել. տեսանյութ

Լիարժեք ծառայության դեպքում իգական սեռի ներկայացուցիչները ծառայության ավարտին կստանան 1 մլն դրամ պատվովճար:

Իգական սեռի քաղաքացիները ևս կարող են զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության։ Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ կանանց համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետ է սահմանվել 6 ամիսը։ Ըստ Պապիկյանի՝ ծառայությունը լինելու է կամավոր, սակայն զորակոչվելուց հետո քաղաքացին պարտավոր է լինելու ծառայել 6 ամիս. «Զինվորական ծառայությունն անցնելուց հետո նրանց համար ՀՀ կառավարության որոշման համաձայն սահմանել պատվովճար, որը նախատեսվում է մեկ մլն դրամ չափով»,- ասաց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, թե սա պրոֆեսիոնալ բանակ ունենալու հայեցակարգի շրջանակներում է. «Մենք քննարկում ենք մեր երկրի պատմության մեջ նոր էջ բացելու մասին հարցը»։

Փաշինյանը նաև շեշտեց, որ այդ ծառայությունը չի լինելու զբոսանք. «Կանայք կամավոր կերպով կարող են զորակոչվել և պարտադիր 6-ամսյա ծառայության անցնել։ Այդ ծառայությունը լինելու է նորմալ ծառայություն, ոչ թե զբոսանք զորամասում։ Լինելու են ծառայողներ, որոնք զորացրվելու են և վերադառնալու քաղաքացիական կյանքի, և այդ մարդիկ կհամալրեն ԶՈւ պահեստազորը։ Կլինեն մարդիկ, որ կցանկանան անցնել պրոֆեսիոնալ ծառայության, և նրանք կհամալրեն մեր գործող բանակը և անցնել պայմանագրային զինծառայության»։

Օրենքի նախագծերը մինչև այս նստաշրջանի ավարտը կներկայացվեն ԱԺ, օրենքի կիրարկումը տեղի կունենա ձմեռային զորակոչի ժամանակ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print