Տեսչական մարմինը սնանկ ճանաչված կազմակերպությանը տրված կարգադրագրերի, եզրակացությունների եւ կայացվող որոշումների` չկատարման փաստն արձանագրելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում հնարավորություն կունենա դիմել լիազորված մարմին:
Նախագծի նպատակն է սնանկության գործընթացում գտնվող կազմակերպություններում պատշաճ կարգով իրականացնել տեխնիկական եւ հրդեհային անվտանգության, ինչպես նաեւ բնապահպանության ոլորտում վերահսկողություն. ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը «Սնանկության մասին» օրենքում եւ կից օրենքների փաթեթում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագծի քննարկման ժամանակ` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 21-ի նիստում:
Հիմնական զեկուցողի խոսքով տեսչական մարմինը սնանկ ճանաչված կազմակերպությանը տրված կարգադրագրերի, եզրակացությունների եւ կայացվող որոշումների` չկատարման փաստն արձանագրելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում հնարավորություն կունենա դիմել լիազորված մարմին:
Վերջինս տեսչական մարմնի առաջարկությունը ստանալու պահից` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տեսչական մարմնին ներկայացնում է տեղեկություն` տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրված եւ սահմանված ժամկետում չվերացված խախտումներն իր կողմից վերացնելու նպատակով համապատասխան գործողությունների, դրանց կատարման համար անհրաժեշտ ժամկետների, ինչպես նաեւ դրանց կատարման նախնական ծախսերի հաշվարկի վերաբերյալ:
Ըստ նրա` լիազորված մարմինը սահմանված գործողությունների կատարման ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տեսչական մարմնին ներկայացնում է տեղեկություն` կատարված գործողությունների արդյունքների վերաբերյալ, իսկ ստուգվող սուբյեկտին ներկայացնում է արձանագրված խախտումների վերացման արդյունքում կատարված ֆինանսական ծախսերի փոխհատուցման պահանջ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված հարցին:
_