ՌԴ-ն Բաքվին և Երևանին կոչ է անում անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին

Ռուսաստանի ԱԳՆ-ն Բաքվին և Երևանին կոչ է անում անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին՝ անընդունելի համարելով որևէ միակողմանի քայլ, լինի դա Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամակարգված փոփոխության, թե խաղաղության օրակարգին չհամապատասխանող նպատակներով դրա օգտագործման փորձերի մասին։

«Լուրջ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի, ինչպես նաև պաշտոնական Բաքվի և Երևանի միջև երկխոսության կապակցությամբ:

Ծայրահեղ մտահոգությամբ արձանագրում ենք հրադադարի ռեժիմի խախտումների և տարաբնույթ միջադեպերի թվի աճ, որոնց արդյունքում երկու կողմից էլ պարբերաբար զոհեր են լինում: Ոչ պակաս վտանգավոր ենք համարում Ադրբեջանի և Հայաստանի հանրային տարածքում մեղադրական և ագրեսիվ հռետորաբանության աճող աստիճանը։ Ապրիլի 23-ի վերջին զարգացումների համատեքստում հատուկ նշում ենք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթների խախտմամբ ցանկացած միակողմանի քայլերի անընդունելիությունը, թե արդյոք խոսքը գնում է Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամաձայնեցված փոփոխության կամ խաղաղ օրակարգին չհամապատասխանող նպատակներով դրա օգտագործման փորձերի մասին ։

Կոչ ենք անում կողմերին անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին։ Ելնում ենք նրանից, որ ամեն դեպքում տեղի բնակչությունը չպետք է տուժի և նրա կենսագործունեության ոչ մի խոչընդոտ չպետք է ստեղծվի։

Կարծում ենք, որ առաջացած շատ խնդիրներ հետևանք են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիմնական ուղիների շուրջ բանակցային գործընթացում ամիսներ տևած պարապուրդի և առաջընթացի բացակայության, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցման: Ակնկալում ենք, որ Բաքվում և Երևանում քաղաքական կամք կդրսևորեն և կկարողանան մոտ ժամանակներս հաղթահարել այդ բացասական դինամիկան։

Ռուսական կողմը պատրաստ է իրեն մերձավոր Ադրբեջանին և Հայաստանին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն ինչպես քաղաքական մակարդակով, այնպես էլ «հողի վրա»՝ ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարության մասնակցությամբ։

Զգուշացնում ենք նաև Արևմտյան արտաքին խաղացողներին և նրանց կոնյունկտուրային օրակարգով աշխատող լոկալ ռուսատյաց էլեմենտներին՝ իրավիճակը տատանելու փորձերից, այդ թվում՝ Ռուսաստանի հասցեին սևացնող արշավի միջոցով»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print