Ռուսական իշխանությունները որոշել են հետ կանչել Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Ալեքսանդր Վոլկովին՝ նրան փոխարինելով այլ անձով։ Տեղեկությունը փոխանցում է «Հրապարակ» օրաթերթը։
Նոր հրամանատարը, օրաթերթի փոխանցմամբ, կոչումով գեներալ-գնդապետ է, ռուսական պատերազմներով անցած հմուտ զինվորական, ՌԴ ՊՆ-ում հայտնի է իր կամային որակներով։ Նա Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի ամենավստահելի անձանցից է՝ նրա հետ երկար տարիներ աշխատած։ Գալիս է, այսպես ասած, վիճակը կարգավորելու։
Աղբյուրի համաձայն՝ այս փոփոխությունը նշանակում է, որ ռուսական կողմը դժգոհ է Վոլկովի գործունեությունից եւ Արցախում ադրբեջանցիների լկտիանալը նաեւ ռուս հրամանատարի թողտվությամբ է բացատրում, ուստի որոշել է ավելի փորձառու անձ բերել, որը նաեւ ավելի բարձր կարգավիճակ եւ կապեր ունի։ Նոր հրամանատարին, օրաթերթի տեղեկություններով, հրահանգված է զսպել ադրբեջանական աճող ագրեսիան եւ վերահսկողությունը կրկին վերցնել իր ձեռքը։ Ռուսական շրջանակներից Հրապարակին փոխանցել են, որ նոր հրամանատարին ասվել է՝ ՌԴ-ի համար կարմիր գիծ է Արցախի ճանապարհի բնականոն գործելը եւ ճանապարհին դրվող անցակետը պետք է բացառապես ռուսական զինուժի կողմից վերահսկվի։