Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալի խոսքով՝ Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց և բեռների ազատ և բաց տեղաշարժ։

ԱՄՆ պետքարտուղարությունը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում վերահսկիչ անցակետի տեղադրմամբ: Այս մասին ավանդական ճեպազրույցիի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը:

«Հարավային Կովկասում այս հարցը մի բան է, որն ինքը՝ պետքարտուղարը, խորապես գնահատում և մեծ նշանակություն է տալիս։ Եվ ինչպես տեսաք՝ հանգստյան օրերին մենք հայտարարեցինք, որ Պետքարտուղարությունը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ։ Անկեղծ ասած, դա խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը, և մենք այն կարծիքին ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց և բեռների ազատ և բաց տեղաշարժ։ Ավագ խորհրդական Բոնոն, պետքարտուղարի օգնական Հոգանը, պետքարտուղարը՝ մենք պատրաստվում ենք շարունակել խորապես ներգրավված մնալ այս հարցում»,- ասել է Պատելը՝ հավելելով, որ չի պատրաստվում դիվանագիտական գնահատականների կամ տեղում կայացած զրույցների մամրամասների մեջ խորանալ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print