ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ԼՂ շուրջ ստեղծված իրադրության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի պատկերացումները։
Ըստ նրա՝ ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքն ու ապահովի դրա բնականոն գործունեությունը. «Բացի ՌԴ-ից, որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի, Ադրբեջանն էլ չպետք է խոչընդոտի միջանցքով ազատ երթևեկությունը։ Սա ճշգրիտ այն է, ինչ նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։
ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է դառնան միջազգային ֆորմատի շրջանակներում Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունների առարկա։
Ինչ վերաբերում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրին, ակնհայտ է, որ այն պետք է ունենա իրագործման երաշխիքների և վեճերի լուծման մեխանիզմների հասկանալի և գործուն համակարգ։ Հստակ պետք է արձանագրված լինեն սահմանների դելիմիտացիայի պարամետրերը, և որևէ էսկալացիա բացառելու մեխանիզմներ պետք է ներդրվեն»։
Ըստ Փաշինյանի՝ պահանջվում են կոնկրետ ու անկեղծ ջանքեր՝ իրադրության հետագա լարվածություն թույլ չտալու և համապարփակ կարգավորման հասնելու համար։ Նա շեշտեց, որ այդ ջանքերին զուգահեռ, ամեն օրվա հետ, ավելի անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում ու Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայությունը․ «Ադրբեջանի ջանքերը՝ ԼՂ-ն վերածելու հայության նոր կառափնարանի, պետք է կասեցվի, և սրա միակ հուսալի ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայացուցիչների ներկայությունն է ԼՂ-ում:
Որպես առաջին քայլ, անհրաժեշտ է Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք հրատապ առաքելության գործուղել»,- ասել է նա: