Ղազարյանը հայտնեց, որ ջրային պարեկները պայքարելու են նաև ձկնագողերի դեմ, ինչը, նրա համոզմամբ, կանխարգելիչ ազդեցություն կունենա։
Հայաստանում կստեղծվի ոստիկանության պարեկային ծառայության ջրային ստորաբաժանում։ ՀՀ կառավարության նիստում այս մասին հայտնեց ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը` հավելելով, որ նոր ծառայությունը կապահովի անվտանգ և ապահով Սևանա լիճ ունենալու տեսլականի իրականացումը։
ՆԳ նախարար Վահե Ղազարյանի խոսքով՝ այն իր բնույթով նոր ձեռագիր կապահովի անվտանգ և ապահով Սևանա լիճ ունենալու հարցում. «Ջրային պարեկները լինելու են ունիվերսալ ծառայություն իրականացնողներ։ Ջրային պարեկությունը լինելու է դասական պարեկի լրացուցիչ ֆունկցիա․ մասնագիտացված պարեկների թիմում ընդգրկված պարեկներն, ըստ անհրաժեշտության, ցամաքային հատվածում իրականացնելու են Գեղարքունիքի պարեկային ծառայությանը վերապահված այլ գործառույթներ։ Մասնավորապես նախատեսվել են կարգավորումներ ջրային փոխադրամիջոցների շահագործման պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնելիս համապատասխան փաստաթղթերի ստուգման, նավավարների սթափության վիճակի զննության, լողամիջոցը վարելիս ոչ սթափ վիճակում գտնվող անձանց մեկուսացնելու, հրդեհային անվտանգության կանոնների պահպանման ստուգման, լողամիջոցի զննման, օրենքով նախատեսված հիմքերով լողամիջոցի շահագործումն արգելելու և այն տեղափոխելու կամ այլ անձի հանձնելու վերաբերյալ»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ նոր ստորաբաժանումը կունենա չորս հենակետ՝ տեղակայված Շողակաթ, Արծվանիստ, Գեղամա և Սևանի թերակղզու լողափներում։
Ղազարյանը հայտնեց, որ ջրային պարեկները պայքարելու են նաև ձկնագողերի դեմ, ինչը, նրա համոզմամբ, կանխարգելիչ ազդեցություն կունենա։
Նոր կարգավորումներն արդեն ներառվել են «Ոստիկանության մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթներում, որոնք կառավարության հավանությամբ առաջիկայում կներկայացվեն խորհրդարանի հաստատմանը։