Ցանկանում ենք՝ միջազգային հանրության աջակցությամբ բանակցություններ սկսվեն ԼՂ ներկայացուցիչների և Ադրբեջանի միջև

Ֆրանսիայի արտգործնախարարը նշել է նաև, որ Լաչինի միջանցքով տեղաշարժի խոչընդոտումն անընդունելի է։

Մենք ցանկանում ենք, որ միջազգային հանրության աջակցությամբ բանակցություններ սկսվեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և ադրբեջանական իշխանությունների միջև՝ բնակչության իրավունքների և երաշխիքների բովանդակության շուրջ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում:

«Սա ենթադրում է, որ պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն նման բանակցությունների համար, մասնավորապես՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման հարցի վերաբերյալ։ Ֆրանսիան կաջակցի ցանկացած լուծման, որը հնարավորություն կտա երաշխավորել, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը կարող է շարունակել ապրել այնտեղ ապահով ՝ պահպանելով իր պատմությունը, ժառանգությունը և մշակույթը: Դա նրա անխախտ իրավունքն է», -ասել է դիվանագետը՝ պատասխանելով նրան, թե ո՞րն է Ֆրանսիայի դիրքորոշումն այն հարցում, որ Ադրբեջանի նախագահը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը իրենց ներքին հարցն է, և չեն պատրաստվում որևէ մեկի հետ դա քննարկել, մինչդեռ հայկական կողմը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում առաջ է քաշում նաև Բաքվի և Լեռնային Ղարաբաղի միջև երկխոսության միջազգային մեխանիզմ ձևավորելու , Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման միջազգային երաշխիքների հարցը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print