Երևանի քաղաքապետարանը հայտարարել է ստեղծարարական ծրագրերի դրամաշնորհային բաց մրցույթ՝ հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին ընդառաջ։ Այս մասին իր «Ֆեյսբուքի» էջում տեղեկացրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մրցույթի շնորհիվ կարժևորվի աշխարհահռչակ կոմպոզիտորի հավիտենական գործը՝ նպաստելով նաև Երևան քաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանը։ Մրցույթը վերաբերում է ինչպես բացառապես մշակութային բաղադրիչ ներառող ծրագրերին՝ փառատոնների, բեմադրությունների կազմակերպում և այլն, այնպես էլ նորարարական մոտեցումներ ենթադրող ամենատարբեր ծրագրերին։ Մասնակիցներին ստեղծագործական ազատություն ընձեռնող մրցույթը նորարարական և ստեղծարար ծրագրերի խթանման ևս մեկ քայլ է»,- ասվում է գրառման մեջ։
Դրամաշնորհային ծրագրին մասնակցելու կարգին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։