Այս պահին շուրջ 80 ուղևոր չի կարողանում գալ Հայաստան:
«FlyOne Armenia» ընկերությունը չեղարկել է Երևան– Փարիզ–Երևան չվերթը, քանի որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերության համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «FlyOne Armenia» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։
«Այս պահին շուրջ 80 ուղևոր չի կարողանում գալ Հայաստան։ Ուղևորների տրամադրության տակ է «FlyOne Armenia» ընկերության սպասարկման ծառայությունը, մեր ուղևորները կարող են դիմել ծառայությանը թե՛ Փարիզում, թե՛ Երևանում, որպեսզի մենք ապահովենք կա՛մ վերադարձը, կա՛մ փոխհատուցումը»,– նշեց նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Թուրքիան առանց նախապես տեղեկացնելու փակել էր իր օդային տարածքը հայկական «FlyOne Armenia» ավիաընկերության համար, Փարիզ–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Քիշնևում և միայն ապրիլի 30-ի գիշերը վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։