Հայկական մշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի ոտնձգությունները փաստագրված են. Մհեր Մարգարյանը՝ ՄԱԿ-ում

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանը շարունակաբար կոչ է արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին փաստահավաք առաքելություն ուղարկել ԼՂ և հարակից տարածքներ, այնինչ Ադրբեջանը մշտապես խոչընդոտել է տեղում փաստերի անկախ և անաչառ գնահատական տալու միջազգային կառույցների ջանքերը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում մայիսի 2-ին տեղի է ունեցել թեմատիկ քննարկում՝ «Մշակութային ժառանգության պաշտպանությունը զինված հակամարտությունների ընթացքում» խորագրով, որը կազմակերպել էին ԱԽ-ում Ֆրանսիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների մշտական ներկայացուցչությունները։ Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ-ից, քննարկմանը ելույթներով հանդես են եկել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն և ՄԱԿ-ի մի շարք անդամ պետությունների ներկայացուցիչներ:

Իր ելույթում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում և ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային կոթողների ավերածություններին` նշելով, որ նման գործողությունները Ադրբեջանի կողմից տարածաշրջանում հայկական ներկայացվածության համակարգված վերացման քաղաքականության մաս են կազմում։

Դեսպան Մարգարյանն ընդգծել է, որ հայկական մշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի ավելի վաղ շրջանի ոտնձգությունները ևս փաստագրված և լայնորեն լուսաբանված են` օրինակ բերելով Նախիջևանի հայկական միջնադարյան եկեղեցիների և 5000-ից ավելի խաչքարերի ոչնչացումը։

Քննարկման մասնակիցների ուշադրությունն է հրավիրվել նաև 2021 թ. դեկտեմբերին Հայաստանի հայցի հիման վրա Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշման վրա, որը պարտավորեցնում է Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի և շիրիմների դեմ»։

ՀՀ մշտական ներկայացուցիչը շեշտել է, որ Հայաստանը շարունակաբար կոչ է արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, այնինչ Ադրբեջանը մշտապես խոչընդոտել է տեղում փաստերի անկախ և անաչառ գնահատական տալու միջազգային կառույցների ջանքերը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print