Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքով՝ օդանավերի և մասնավոր ինքնաթիռների երթևեկությունն արգելվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ «սադրանքները» շարունակվում են։
Թուրքիան Հայաստանի համար փակել է իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք փակել ենք Հայաստանի օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար: Անհրաժեշտության դեպքում մենք թույլ կտանք օդանավերի մուտքը մեր երկիր, բայց մենք թույլ չենք տա ինքնաթիռներին և մասնավոր ինքնաթիռներին թռչել մեր տարածքով, քանի դեռ [Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ] սադրանքները շարունակվում են: Եթե չխանգարեն, մենք այլ միջոցներ կձեռնարկենք»,- զգուշացրեց նախարարը։ Սադրանքներ ասելով այս դեպքում արտգործնախարարը նկատի ուներ վերջերս Երևանում Նեմեսիսի հուշահամալիրի բացումը` ի հիշատակ 20-րդ դարասկզբին հայերի կողմից ցեղասպանության առաջնորդների և կազմակերպիչների նկատմամբ իրականացված պատասխան գործողության, որը Թուրքիան չի ճանաչում։
Թուրք նախարարը նշել է, որ Անկարան անհատապես թույլ կտա Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանին մայիսի 4-5-ը Թուրքիայի մայրաքաղաքում գալ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստին։ Նա այս որոշումը բացատրեց միջոցառման միջազգային բնույթով։
Հիշեցնենք` ապրիլի 25-ին Երևանում բացվեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչների նկատմամբ հաշվեհարդար կատարած «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանը:
Հուշարձանի վրա փորագրված են Սողոմոն Թեհլիրյանի, Արամ Երկանյանի, Արշավիր Շիրակյանի, Պետրոս Տեր-Պողոսյանի, Արտաշես Գևորգյանի, Միսակ Թոռլաքյանի, Ստեփան Ծաղիկյանի, Հակոբ Մելքումովի, Երվանդ Ֆունդուկյանի, Արմեն Գարոյի, Գրիգոր Մերջանովի, Ավետիք Իսահակյանի, Արշակ Եզանյանի, Արա Սարգսյանի, Հրաչ Փափազյանի, Շահան Նատալիի անունները: