🎥16000-ից ավել վարույթով անձանց հիշել չեմ կարող․ Գլխավոր դատախազը մանրամասնել է՝ Փաշինյանի և Քոչարյանի մերձավորներից կա՞ն մարդիք, ովքեր անցնում են ապօրինի գույքի գործով

Ռոբերտ Քոչարյանի շրջապատից կա՞ն մարդիկ, որոնց նկատմամբ ապօրինի գույքի մասով գործ է հարուցվել։ Այս մասին Աժ-ում դիմելով գլխավոր դատախազին՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

Աննա Վարդապետյանը պատասխանեց, որ նման տրամաբանությամբ բաժանում անգամ մտքում չի արել․

«Նաև քրեական վարույթներով ենք այս անձանց նկատմամբ վարույթներ հարուցել և քրեական օրենսգիրքը մեզ թույլ է տալիս հեռակա վարույթների կարգով իրականացնել դատարաններում գործերի քննությունը»,-նշեց գլխավոր դատախազը։

Հաջորդիվ ՀՀ գլխավոր դատախազին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը․ «Քանի որ շատ է խոսվում ապօրինի գույքի մասին, կուզենայի, որ հրապարակային հայտնեք՝ Նիկոլ Փաշինյանի մերձավորներից կամ քաղաքական իշխանության բարձր քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանցից, մարդ կա՞, որն անցնում է ապօրինի ծագման գույքի գործով»։

Ի պատասխան գլխավոր դատախազն ասաց, որ տեղյակ չէ ՀՀ-ում քննվող բոլոր քրեական վարույթներից։

«Ցավոք չեմ կարող անվանական տեղեկատվություն որևէ անձի վերաբերյալ, ուրախ կլինեմ Ձեզ պատասխանել ավելի ամբողջական, եթե մենք Ձեզանից հարցում ստանանք կոնկրետ անձի կոնկրետ պատկանելության մասով։ Այս պահին 16000-ից ավել վարույթով անձանց հիշել չեմ կարող։ Ապօրինի գույքի ծագման մասով նշեմ, որ եթե որոշակի հոդվածներով կա նախաձեռնված վարույթ, ավտոմատ սկսվում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրությունը»,- ասաց նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print