ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք խմբի առաքումը համարում ենք անհրաժեշտ․ Նիկոլ Փաշինյան

Մենք կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է իրավիճակի հստակ և հասցեական գնահատական տա, մանավանդ որ, մեր գնահատմամբ, Ադրբեջանի վերը նշված գործողությունները ԼՂ-ում հայերի էթնիկ զտումներ իրականացնելու նախապատրաստություններ են։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Չեխիայի կառավարության ղեկավար Պետեր Ֆիալան Չեխիայում այսօր կայացած հանդիպման ժամանակ անդրադարձել են երկկողմ  համագործակցությանը, բացի դրանից՝  անվտանգային և տարածաշրջանային նշանակության հարցերի:

Այս մասին համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր ես և պարոն վարչապետը կառուցողական մթնոլորտում ունեցել ենք բաց և հագեցած քննարկումներ, որոնք ներառում են երկկողմ համագործակցության ամենատարբեր ոլորտներ: Բարձր եմ գնահատում մեր երկու երկրների միջև առկա համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում, ինչպես նաև Չեխիայի գործուն աջակցությունը այդ հարաբերությունների զարգացմանը: Վարչապետ Ֆիալային շնորհակալություն եմ հայտնել Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու համար: Այս համատեքստում ընդգծել եմ նաև Չեխիայի աջակցությունը Հայաստանի տարածքում Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ երկարաժամկետ մոնիթորինգի առաքելություն տեղակայելու որոշմանը: Ցավով պետք է նշեմ, որ, ի հեճուկս բոլոր ջանքերի, մեր տարածաշրջանում իրադրությունը շարունակում է մնալ լարված:

Դրա պատճառն այն է, որ, չնայած հանրահայտ պայմանավորվածություններին՝ Ադրբեջանը շարունակում է ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը՝ անընդհատ էսկալացնելով իրավիճակը Հայաստանի սահմանին, ԼՂ-ում և Լաչինի միջանցքում: Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը և դրան նախորդած միջանցքի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի փետրվարին կայացրած միջանկյալ որոշման կոպիտ խախտում է: Արդեն 4 ամիս ԼՂ-ի ժողովուրդը զրկված է ազատ տեղաշարժի հնարավորությունից: Ավելին՝ Ադրբեջանը խափանել է ԼՂ բնական գազի և էլեկտրական էներգիայի մատակարարումը, սնունդը ԼՂ-ում վաճառվում է կտրոններով, և այսպիսով այնտեղ հաստատված է հումանիտար ճգնաժամ: Մենք կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է իրավիճակի հստակ և հասցեական գնահատական տա, մանավանդ որ, մեր գնահատմամբ, Ադրբեջանի վերը նշված գործողությունները ԼՂ-ում հայերի էթնիկ զտումներ իրականացնելու նախապատրաստություններ են: Այս պարագայում ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք խմբի առաքումը համարում ենք անհրաժեշտ»,- նշեց ՀՀ վարչապետը:

«Մենք կարծում ենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի և ոչ միայն նպատակ է, այլև միջոց ժողովուրդների և պետությունների հարաբերությունների կարգավորման և հետագա զարգացման համար: Մենք լիարժեք ներգրավված ենք Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում, և առաջիկայում մենք ներգարվված կմնանք՝ տրամադրված լինելով արդյունքներ գրանցել և ոչ թե բանակցել բանակցելու համար: Այս նպատակին հասնելու համար մենք հույս ունենք, որ Ադրբեջանը կհրաժարվի ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունից, և ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը ևս Ադրբեջանին ուղղված նման ուղերձով հանդես կգա»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print