Թագուհի Թովմասյանին պաշտոնից զրկելու նախագծի մշակման աշխատանքներն արդեն սկսվել են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցությունում Թագուհի Թովմասյանին Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու նախագծի մշակման աշխատանքներն արդեն սկսվել են։ ՔՊ-ից տեղեկացանք, որ մինչեւ հաջորդ քառօրյա նախագիծը կդրվի շրջանառության մեջ, ապա կմտնի լիագումար նիստ։ Նախագիծը մշակվում է պատկան հանձնաժողովում՝ Արթուր Հովհաննիսյանի եւ Ռուստամ Բաքոյանի ակտիվ մասնակցությամբ, իսկ թե ով է ամբիոնից ներկայացնելու, դեռ որոշում չկա։ Թովմասյանին պաշտոնազրկելու հիմքում այն փաստարկն է, որ նա ի պաշտոնե կարող էր նկատողություն հայտնել ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանին՝ 2018-ի հեղափոխությունը թուրք-ադրբեջանական որակելու համար, սակայն չի արել։ Չի բացառվում, որ նախագծում ընդգրկվի նաեւ Թովմասյանի իրականացրած ակցիան՝ ամբիոնը գրավելը, որով նա, ՔՊ-ի կարծիքով, խոչընդոտել է ԱԺ նիստի բնականոն ընթացքը։

Նշենք, որ հաջորդ հերթականը կմեկնարկի մայիսի 23-ին։ Ի դեպ, այս օրերին Թովմասյանն Արցախից տեղահանվածների հետ կապված ստորագրահավաք է իրականացնում «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում։ ՔՊ-ականները կարծում են, որ դա նախաձեռնել է իր պաշտոնանկությունը կանխելու եւ Արցախի հարցի հետ կապելու հետին մտքով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print