Բժշկական կենտրոններին աջակցությունը տրամադրվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից:
Արյան փոխներարկման 2 սարք կտրամադրվի Իջևանի և Կապանի բժշկական կենտրոններին, անզգայացման 5 սարք` երկուսը Իջևանի, մեկական՝ Վարդենիսի, Վայքի և Գորիսի բժշկական կենտրոններին: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ անհրաժեշտ ու թանկարժեք այս սարքավորումներն արդեն Հայաստանում են, օրեր անց կլինեն համապատասխան բուժհաստատություններում: Սահմանամերձ այս բժշկական կենտրոններին աջակցությունը տրամադրվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից:
Սարքավորումների հանձնման արարողությանը առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ գործակցությունը, մասնավորապես` մարզային հիվանդանոցները նորագույն և առաջնային սարքավորումներով համալրելու կարևոր գործում: