ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է և հետաքրքրված է խաղաղության պայմանագրի կնքման հարցում։
Հայաստանի Հանրապետությունը որևէ տարածքային պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ, և մենք պատրաստ ենք և հետաքրքրված ենք խաղաղության պայմանագրի կնքման հարցում։ Այս մասին Թուրքիայում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շեշտելով, որ ուզում է մի քանի արձանագրում անել հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ։
«Մենք որևիցե խնդիր չենք տեսնում առևտրային առումով տարածաշրջանը բացելու հարցում․ Ադրբեջանից Նախիջևան, ինչպես նաև Թուրքիա բեռներն ու մարդիկ կարող են ազատ ձևով տեղաշարժվել՝ իհարկե հաշվի առնելով ՀՀ օրենսդրությունը և ինքնիշխանությունը», – ասել է ԱԺ նախագահը։
Անդրադառնալով սահմանին զորքերի առկայությանը՝ Սիմոնյանը նշել է․
«Մենք մշտապես առաջարկել ենք և առաջարկում ենք Ադրբեջանին հայելային հետ քաշել բոլոր այն զորքերը, որոնք գտնվում են սահմանին։ Ես գտնում եմ, որ այս տարածաշրջանում խաղաղության հաստատումն անհնար է առանց Թուրքիայի և մենք մեծահույս ենք, որ Թուրքիան գործուն քայլեր կձեռնարկի այս տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում»։