Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ճեպազրույցի ընթացքում հաստատել է Իրանի կողմից չորս ադրբեջանցի դիվանագետի անցանկալի անձ ճանաչելու մասին լուրերը, հայտնում է IRNA գործակալությունը։
«Իրանն Ադրբեջանի ոչ կառուցողական գործողությունների հետևանքով արտաքսել է ադրբեջանցի չորս դիվանագետի, երկուսին՝ Թեհրանում դեսպանատան անձնակազմից, երկուսին՝ Թավրիզում հյուպատոսարանի»։
Անդրադառնալով Իրանի վերաբերյալ Ալիևի վերջին հայտարարություններին՝ Քանանին նշել է․ «Մենք բազմիցս հայտնել ենք մեր տեսակետն Ադրբեջանի հետ հարաբերությունների վերաբերյալ։ Այս երկրի առնչությամբ ընդգծում ենք, որ երկու ժողովուրդների հարաբերություններն անխզելի են և խոր արմատներ ունեն, ուստի չպետք է կատարել որևէ գործողություն, որը չի բխում երկու երկրի շահերից։ Մենք պատրաստ ենք մեր միջև վիճելի հարցերի հետ կապված խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով»։
Քանանին ընդգծել է, որ ամբիոնից հնչող հայտարարությունները, հատկապես վիճահարույց հարցերի վերաբերյալ, չեն նպաստում դրանց լուծմանը։ «Մենք արդեն հայտնել ենք, որ երկու երկրի ԱԳ նախարարների երկխոսության ընթացքում մշակվել են թյուրըմբռնումների հանգուցալուծմանն ուղղված քայլեր, ինչպես նաև այս առնչությամբ պատվիրակություններ են փոխանակվել։ Միակողմանի խոսակցությունները ճշմարտության սահմաններում չեն, և մենք պետք է փորձենք, որ դրանք տեղի ունենան սահմանված շրջանակներում։ Մեր շեշտը դրված է բարիդրացիության պահպանման վրա, և չպետք է թույլ տալ, որ օտար ուժերը լարվածություն առաջացնեն երկու երկրի հարաբերություններում»,- հավելել է խոսնակը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել էր, որ Իրանը հատել է կարմիր գծերը: «Ներկայում մեր հարաբերություններն ամենացածր մակարդակի վրա են, և առայժմ դժվար է ասել` ինչպես կլինեն ապագայում: Իրանում բոլորը պետք է մի պարզ ճշմարտություն հասկանան` Ադրբեջանի վրա ճնշումներն արդյունք չեն տա»,- ասել է Ալիևը: