Վարդան Ջհանյանն ու Արմեն Ստեփանյանն այցելել են «Սյունյաց երկրի» խմբագրատուն

2023 թվականը «Սյունյաց երկրի» համար հոբելյանական տարի է. հոկտեմբերի 1-ին պարբերականը կդառնա 20 տարեկան:

Ըստ էության դա էր առիթը, որ մայիսի 10-ին լրատվամիջոցի խմբագրատուն այցելեցին «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի 1-ին տեղակալ Վարդան Ջհանյանը, ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը:

Խմբագրակազմի հետ հանդիպման ընթացքում վերստին արձանագրվեց իրողությունը, որ «Սյունյաց երկիրը» երկու տասնամյակ շարունակ եղել և մնում է մեր երկրամասի նորագույն ժամանակաշրջանի տարեգիրը, նաև ցանկալի ու հասանելի հարթակը սյունեցիների մեծ մասի համար:

Մարզի հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային ու սոցիալ-տնտեսական կյանքը լուսաբանելուն զուգահեռ՝ պարբերականը տարիների ընթացքում հրատարակել է նաև քառասունից ավելի հատուկ համար: Իսկ ահա երրորդ տարին է՝ լրագրի խմբագրակազմի ջանքերով և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ (միաժամանակ) հրատարակվում է «Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա հանդեսը, որի թողարկումները, ինչպես և «Սյունյաց երկրի» հատուկ համարները յուրօրինակ հանրագիտարան կամ սկզբնաղբյուր են բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում են կամ ապագայում կզբաղվեն Սյունիքի պատմությամբ, մշակութային անցյալով ու ներկայով:

Պարբերականի խմբագիր Սամվել Ալեքսանյանը երախտագիտություն հայտնեց Վարդան Ջհանյանին և Արմեն Ստեփանյանին՝ դժվարին մեր օրերում մարզային թերթի գործունեությամբ հետաքրքրվելու և նրա դերն արժևորելու համար:

Խմբագիրը միաժամանակ բարձր գնահատեց Սյունիքի հոգևոր-մշակութային և մարզական ու կրթական կյանքի հանդեպ «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության ցուցաբերած հոգատարությունը՝ նկատի ունենալով անքննելի ճշմարտությունը, որ մեր լեռնաշխարհի արժանապատիվ լինելիությունը դարեր շարունակ պայմանավորված է եղել նաև հոգևոր-մշակութային զորությամբ:

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի հոգածությամբ են 2022-ին հրատարակվել Արցախյան 3-րդ պատերազմում նահատակված 228 սյունեցիներին նվիրված հուշամատյան-համարը, ինչպես և մշակութային եռամսյա հանդեսի նախորդ տարվա թողարկումները, իսկ մինչ այդ՝ հայոց հնամյա պատմության ու մշակույթի հավերժող առասպել Շուշիին նվիրված բացառիկ համարը:

Վարդան Ջհանյանը և Արմեն Ստեփանյանը՝ շեշտելով մարզային լրատվամիջոցի դերը, գնահատելով նրա 20-ամյա արդյունավետ ուղին, կարևորեցին հատկապես մերօրյա գործունեությունը, որն այսուհետ նույնպես ստեղծագործական պրպտումների և ակտիվության պակաս չպիտի ունենա ու միտված պետք է լինի Սյունիքում հանրային համերաշխության, միասնության և արարումի մթնոլորտի առարկայացմանը, ինչը ներկայիս մարտահրավերներին դիմակայելու կարևոր գրավականներից է:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print