Մալիշկա համայնքի նախկին ղեկավարն, ըստ դատախազության, մեղավոր է ճանաչվել 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններին «ընտրողներին կաշառք տալու, իրեն վստահված զգալի և խոշոր չափերով գույքը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացնելու եղանակով հափշտակելու, ինչպես նաև մի խումբ պաշտոնատար անձանց հետ համատեղ պաշտոնեական կեղծիք կատարելու համար»։
Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքի նախկին ղեկավար Մ․Մ․ն (Մհեր Մովսիսյան) դատապարտվել է 4 տարի 2 ամիս 29 օր ժամկետով ազատազրկման, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը՝ հավելելով, որ Մովսիսյանը նաև 3 տարի ժամկետով զրկվել է Տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։
Գլխավոր դատախազությունը հիշեցնում է, որ Մ.Մ.-ն, Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների նախընտրական փուլում՝ 2017 թվականի մարտին, հանդիսանալով ռեյտինգային ընտրացուցակով Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածուի՝ Մալիշկա համայնքի նախընտրական շտաբի ղեկավար, այլ անձի հետ հանցակցությամբ, մեկ ձայնի դիմաց 10.000-ական դրամի չափով (ընդհանուր՝ 230 հազար դրամ) ընտրակաշառք է բաժանել Մալիշկա համայնքի բնակիչներ Խ.Դ.-ին, Մ.Գ.-ին, Ա.Ս.-ին, Հ.Ա.-ին և Ն.Շ.-ին՝ վերջիններիս և նրանց մերձավոր ազգականների կողմից իր ներկայացրած թեկնածուի օգտին քվեարկելու համար:
Բացի այդ, Մ.Մ.-ն, ունենալով համայնքի բյուջեի միջոցները տնօրինելու լիազորություն, օգտագործելով իր այդ լիազորությունն ու պաշտոնեական դիրքը, իր որդու՝ «Մալիշկայի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի (այսուհետ՝ ՀՈԱԿ) տնօրեն Վ.Մ.-ի և կնոջ՝ Ն.Ա.-ի հետ, ձեռք է բերել նախնական համաձայնություն՝ Ն.Ա.-ին ձևականորեն ընդունելով ՀՈԱԿ-ում աշխատանքի՝ որպես բուժքույր: Ն.Ա.-ն, աշխատանքի չներկայանալու պայմաններում, 2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում, որպես աշխատավարձ և դրան հավասարեցված վճար ստացել է 2 մլն 231 հազար 25 դրամ:
Բացի այդ, Մ.Մ.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2017 թվականի ապրիլին Մալիշկայի համայնքապետարանի գլխավոր մասնագետ-հաշվապահ Ա.Վ.-ի հետ ձեռք է բերել նախնական համաձայնություն՝ իրեն վստահված համայնքի բյուջեի միջոցներից Մալիշկա համայնքի 10 բնակիչների անվամբ, իբրև սոցիալական օգնություն, գումարներ հատկացնելու և յուրացնելու շուրջ: 2017 թվականի ապրիլի վերջին Ա.Վ.-ն 440 հազար դրամն առձեռն հանձնել է Մ.Մ.-ին, ով տիրացել է այդ գումարին: Յուրացման դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով՝ Մ.Մ.-ն մի խումբ պաշտոնատար անձանց հետ համատեղ կատարել է պաշտոնեական կեղծիք, կազմել է համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին օգնություն տրամադրելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող պաշտոնական փաստաթուղթ (կեղծ ցուցակներ):
Համայնքի ղեկավար Մ.Մ.-ի որդուն՝ «Մալիշկայի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Վ.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով յուրացում կատարելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը), համայնքի ղեկավար Մ.Մ.-ի կնոջը՝ Ն.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել նույն օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով յուրացմանը օժանդակելը), իսկ Մալիշկայի համայնքապետարանի նախկին գլխավոր մասնագետ-հաշվապահ Ա.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել նույն օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ յուրացում կատարելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը):
2019 թվականի մայիսի 27-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ հսկող դատախազի կողմից ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան:
2023 թվականի ապրիլի 28-ին դատարանի դատավճռով Մ.Մ.-ն, Վ.Մ.-ն, Ն.Ա.-ն և Ա.Վ.-ն մեղավոր են ճանաչվել իրենց վերագրվող արարքների կատարման մեջ:
ՀՈԱԿ-ի տնօրեն Վ.Մ.-ի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 1 մլն դրամ տուգանք և «Էրեբունի-Երևան հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 01.11.2018 թվականի օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով՝ Վ.Մ.-ն ազատվել է նշանակված պատժից:
Ն.Ա.-ի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 800 հազար դրամ տուգանք և «Էրեբունի-Երևան հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 01.11.2018 թվականի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով՝ Ն.Մ.-ն ազատվել է նշանակված պատժից:
Ա.Վ.-ն ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:
Մեղադրող դատախազի՝ ամբաստանյալներ Մ.Մ.-ից, Վ.Մ.-ից և Ն.Ա.-ից հօգուտ Վայոց ձորի Մալիշկա համայնքի բյուջեի համապարտության կարգով 2 մլն 231 հազար 25 դրամ բռնագանձելու, ինչպես նաև Մ.Մ.-ից և Ա.Վ.-ից համապարտության կարգով 30 հազար դրամ բռնագանձելու վերաբերյալ հայցադիմումը բավարարվել է: