Ադրբեջանի ԱԳ նախարարությունը անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրախորհրդարանի նախագահ Շառլ Միշելի՝ Բրյուսելում կայացած հանդիպմանն ու մեկնաբանել արդյունքները․
«Մայիսի 14-ին Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև այս ձևաչափով Եվրամիության խորհրդի նախագահի կողմից կազմակերպված հինգերորդ հանդիպումը օգտակար և արդյունավետ ենք համարում՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման օրակարգն առաջ մղելու առումով։ Հանդիպման ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցման, սահմանների սահմանազատման և հաղորդակցության վերականգնման ոլորտներում կոնկրետ արդյունքների հասնելու համար։
Տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման վերաբերյալ ադրբեջանական կողմի սկզբունքային դիրքորոշումը ևս մեկ անգամ ներկայացվել է կողմերի ուշադրությանը։ Մասնավորապես, առանձնահատուկ նշանակություն ունի պետությունների տարածքային ամբողջականության հարգումը, Հայաստանի կողմից այս համատեքստում միջազգային մակարդակով ճանաչված Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումը։
Հանդիպումը նաև հնարավորություն է ընձեռել քննարկել հումանիտար հարցեր, որոնք կարևոր են հակամարտության կարգավորման տեսանկյունից։ Այս համատեքստում, մասնավորապես, ևս մեկ անգամ ընդգծվել է անհետ կորածների ճակատագիրը պարզելու և ականազերծման ոլորտում քայլեր ձեռնարկելու կարևորությունը։
Մենք հայտարարում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը՝ փոխադարձ ճանաչման և միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների հարգման հիման վրա, տարածաշրջանում կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու միակ ճանապարհն է։
Մենք ողջունում ենք ջանքերն այս ուղղությամբ, որոնք նպաստում են հարաբերությունների կարգավորման գործում առաջընթացի հասնելուն և վերահաստատում մեր պատրաստակամությունը՝ շարունակելու երկխոսությունն ու փոխգործակցությունը այդ նպատակը հետապնդող միջազգային գործընկերների հետ»,-ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում։