🎥Գերիների ազատ արձակման թեմայով քննարկումները կշարունակվեն առաջիկա հանդիպումների ընթացքում․ Փաշինյան

ՀՀ վարչապետը անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգման վերաբերյալ Բրյուսելում տեղի ունեցած բանակցություններին

Հայաստանը պատրաստ է կոմունիկացիաների բացումն իրականացնել օր առաջ՝ կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա: Կառավարության այսօրվա նիստում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգման վերաբերյալ Բրյուսելում տեղի ունեցած բանակցություններին։

Նա շեշտեց, որ հաշվի առնելով նախկին փորձը՝ ձեռնպահ կմնա որևէ կոնկրետացումից. «Միայն նշեմ, որ Հայաստանը պատրաստ է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված կոմունիկացիաների բացումն իրականացնել օր առաջ՝ կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա»,- ասաց նա։

Խոսելով գերիների ազատ արձակման մասին՝ նա հայտնեց, թե այդ թեմայով ևս որոշակի ըմբռնում կա.  «Հաշվի առնելով հարցի գերզգայուն լինելը՝ ասեմ, որ այս թեմայով քննարկումները կշարունակվեն առաջիկա հանդիպումների ընթացքում»։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print