🎥Պետությունը կսուբսիդավորի զինծառայողների հիփոքեթային վարկի 5%-ը

ՊՆ նախարարի խոսքով՝ ծրագրից կօգտվեն նաև նրանք, որոնք վիճակահանությամբ չէին կարողացել ստանալ վարկավորման իրավունք

Կառավարության որոշմամբ բարեփոխվում են սպայական և ավագ սպայական կազմերի պայմանագրային զինծառայողների մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրի պայմանները: Կառավարության նիստում այսօր ասաց ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը։

«Մասնավորապես՝ 2023 թվականից ծրագրից օգտվելու հնարավորություն է ընձեռվում հայտ ներկայացրած և մասնակիցների ռեեստրում գրանցված բոլոր զինծառայողներին: Ըստ գործող որոշման՝ տարեկան նախատեսվում էր 500 տեղ. ինչպես նախորդ տարի, այս տարի ևս դիմորդների թիվն անցնում է հազարը։ Այս որոշման նախագծով բոլոր մասնակիցները, նաև նրանք, որոնք վիճակահանությամբ չէին կարողացել ստանալ վարկավորման իրավունք, նույնպես օգտվում են ծրագրից»,- ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Պապիկյանի խոսքով՝ թեև որոշմամբ բոլոր մասնակիցները կարող են օգտվել ծրագրից, բայց պետք է հասցնեն գտնել համապատասխան բնակարանը: «1111 շահառուները պետք է կարողանան տարվա մնացած հատվածում գտնել այդ բնակարանը և ապահովել գնման գործընթացը, այլապես այդ իրավունքից կզրկվեն և ստիպված կլինեն դիմել հաջորդ տարի»,- նշեց Պապիկյանը:

Նախարարը նշել է, որ ծրագրի շրջանակներում առաջնային շուկայից բնակարան կամ առանձնատուն ձեռք բերելու համար վարկի տոկոսադրույքը սահմանվում է 11%, որից 5%-ը սուբսիդավորվում է պետության կողմից, իսկ մնացած գումարը զինծառայողը հնարավորություն է ունենալու ետ ստանալ վճարված եկամտահարկի հաշվին.

 «Երկրորդային շուկայից բնակարան կամ առանձնատուն ձեռք բերելու կամ կառուցելու համար վարկի տոկոսադրույքը սահմանվում է 13%, որից 5%-ը սուբսիդավորվելու է պետության կողմից»,-մանրամասնեց ՊՆ նախարարը։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որոշվել է անել այնպես, որ ով դիմել է այս տարի, չմերժվի։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print