ՀՀ ներքին գործերի նախարարությունում կկրճատվի 629 հաստիք

ՆԳՆ–ից հայտնում են նաև, որ կրճատումները կիրականացվեն ՆԳ նախարարության կադրային համալրմանը զուգահեռ։

ՀՀ վարչապետի կողմից հաստատվել է ՆԳ նախարարության հաստիքների թվաքանակը․ օպտիմալացման, գործառույթների կրկնակիության բացառման արդյունքում կկրճատվի 629 հաստիք։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ներքին գործերի նախարարությանը վերապահված գործառույթներն այժմ իրականացվում են 2728 հաստիքով` ՆԳ նախարարություն՝ 15, ոստիկանություն՝ 2070, արտակարգ իրավիճակների նախարարություն՝ 361, փրկարար ծառայություն՝ 268, իսկ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ 14 հաստիք։

«Որոշման ընդունմամբ` նշված գործառույթները կիրականացվեն 2099 հաստիքով, ինչի արդյունքում կտնտեսվի 629 հաստիք։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունն օրենքի ուժով գործում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կազմում որպես անձնագրերի և վիզաների վարչություն։ Այսպիսով՝ ոստիկանությունից կրճատվել է 532 հաստիք։»,– ասված է հաղորդագրությունում:

ՆԳՆ–ից հայտնում են նաև, որ կրճատումները կիրականացվեն ՆԳ նախարարության կադրային համալրմանը զուգահեռ։

Այս փոփոխությունը վերաբերում է ՆԳ նախարարության գործառույթներին, իսկ առանձին ծառայություններով ևս առաջիկայում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print