Հայաստան-Արցախ ճանապարհին ադրբեջանական ապօրինի անցակետի հարցով Հայաստանն երկրորդ անգամ է դիմել Հաագայի դատարան

Ադրբեջանին ժամանակ է տրվել հայկական կողմի միջնորդությանը պատասխանել մինչև մայիսի վերջ, ինչից հետո դատարանը պետք է որոշում կայացնի

Լաչինի միջանցքի ադրբեջանական ապօրինի անցակետի հարցով Հայաստանը 2-րդ անգամ է դիմել Հաագայի դատարան։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Հայաստանը պահանջում է որոշման մեջ ներառել նաև անցակետի հետ կապված խնդիրը, որովհետև փետրվարից հետո իրավիճակ է փոխվել, և անցակետի հետ կապված նոր միջոցի անհրաժեշտություն կա։ Ադրբեջանին ժամանակ է տրվել հայկական կողմի միջնորդությանը պատասխանել մինչև մայիսի վերջ, ինչից հետո դատարանը պետք է որոշում կայացնի»,–ասաց Կիրակոսյանը։

Վերջինիս խոսքով նախքան մեր հայցով վերջնական վճիռը՝ Երևանն ակնկալում է Հաագայից միջանկյալ միջոց կիրառել Բաքվի նկատմամբ՝ պահանջելով անխափան տեղաշարժի ապահովում Լաչինի միջանցքով:

Կիրակոսյանը նշեց նաև, որ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակն Ադրբեջանի անպատասխանատվության հարցը բարձրացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

«Բաքուն ոչ միայն չի կատարում ՄԱԿ դատարանի միջանկյալ որոշումները, այլև անտեսում է ՄԻԵԴ վճիռները: Այդ փաստը ներկայացվել է վճիռների կատարումը վերահսկող մարմին՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե»,–նշել է Կիրակոսյանը։

Առաջին անգամ անցակետի հարցով ՀՀ–ն միջազգային դատարան դիմել է ապրիլի 25–ին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print