Այցի նպատակն էր ծանոթանալ մարզային փրկարարական վարչության, տարածքային հրշեջ-փրկարարական ջոկատների ընթացիկ աշխատանքներին, շենքային պայմաններին, գույքային և տեխնիկական կարողություններին, ինչպես նաև՝ առկա խնդիրներին:
ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն այցելել է Սյունիքի մարզային փրկարարական վարչություն (ՄՓՎ) և ենթակա ստորաբաժանումներ, հայտնում են փրկարար ծառայության մամուլի ծառայությունից։
«Մայիսի 22-ին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տ․Պետրոսյանի հետ միասին, այցելել է Սյունիքի մարզային փրկարարական վարչություն և ենթակա են ստորաբաժանումներ։ Այցի նպատակն էր ծանոթանալ մարզային փրկարարական վարչության, տարածքային հրշեջ-փրկարարական ջոկատների ընթացիկ աշխատանքներին, շենքային պայմաններին, գույքային և տեխնիկական կարողություններին, ինչպես նաև՝ առկա խնդիրներին»,-ասվում է հաղորդագրությունում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կամո Ցուցուլյանը այցելել է ճգնաժամային կառավարման կենտրոն, ծանոթացել կենտրոնի տեխնիկական հագեցվածությանը, առկա էլեկտրոնային շտեմարաններին, հետևել օպերատիվ ծառայություն իրականացնող հերթափոխի աշխատանքին, զրուցել անձնակազմի հետ:
Այցի ընթացքում նախարարը խորհրդակցություն է անցկացրել ՄՓՎ անձնակազմի հետ, քննարկել կամավոր ատեստավորման, վերապատրաստումների անցկացման, գույքային բարելավման և ծառայության կրման մի շարք հարցեր:
Այնուհետև ՓԾ տնօրենն այցելել է Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատ, որտեղ անցկացրել է շարային ստուգատես․ ստուգվել են ատորաբաժանումների անձնակազմի ընդհանուր պատրաստվածությունը, տեխնիկայի մարտական վիճակը։
ՓԾ տնօրենը եղավ նաև «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ Կապանի լեռնափրկարար ջոկատում, ծանոթացավ փրկարարական աշխատանքների ժամանակ հերթապահ ուժերի և միջոցների պատրաստվածությանը, աշխատանքների առաձնահատկություններին։
Մարզային շրջայցի ընթացքում Կամո Ցուցուլյանը եղավ նաև Գորիսի, Քաջարանի, Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատներում և մարզում տեղակայված հենակետերում՝ տեղում անձամբ ծանոթանալով ծառայության կրման պայմաններին և առկա խնդիրներին:
Ավարտին՝ ՓԾ տնօրենը ՄՓՎ պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, փ/ծ փոխգնդապետ Ռ.Սահակյանին և ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան ցուցումներ և հանձնարարեց շուտափույթ լուծում տալ առաջացած խնդիրներին: