Քաղաքացին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով դիմել է «Վարդան Ղուկասյան» օգտատիրոջը՝ վստահելի փաստաբանի տրամադրման հարցում իրեն օգնելու խնդրանքով:
Անչափահաս երեխային մորը վերադարձնելու պատրվակով 43–ամյա փաստաբան Ս.Ս–ն առերևույթ հափշտակել է ընդհանուր 5.122.150 ՀՀ դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Քաղաքացին, ամուսնալուծվելուց հետո, անչափահաս դստեր խնամքը ստանձնելու իրավական գործընթացի կապակցությամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով 2021թ. ապրիլի 6-ին հաղորդագրություն է ուղարկել հանրությանը հայտնի «Վարդան Ղուկասյան» օգտատիրոջը՝ վստահելի փաստաբանի տրամադրման հարցում իրեն օգնելու խնդրանքով:
Վերջինս ուղղորդել է կնոջը «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի մոտ: Նա էլ որպես փաստաբանի կնոջ ծնողներին ներկայացրել է «Ա….» ՍՊԸ հիմնադիր տնօրեն, փաստաբանների պալատի անդամ Ս.Ս.-ին:
«Վերջինս, մի խումբ այլ անձանց հետ առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, կեղծ խոստումներ են տվել խնդրին շատ արագ լուծում տալու մասին և երաշխավորել են անչափահաս երեխայի ՌԴ վերադարձը կազմակերպել։ Դրա համար նրանք պահանջել են 9.000 ԱՄՆ դոլարին համարժեք 4.700.000 ՀՀ դրամ գումար, որի շուրջ փաստաբանի և հիշյալ քաղաքացու հոր միջև կնքվել է պայմանագիր: Դրանից հետո Արտակ Գալստյանի ներկայությամբ և հորդորով քաղաքացու ծնողների կողմից 43-ամյա կնոջն առձեռն փոխանցվել է 5000 ԱՄՆ դոլարին համարժեք 2.597.150 ՀՀ դրամ»,–նշվում է հաղորդագրության մեջ:
Այնուհետև, քաղաքացին, 2021թ. սեպտեմբերի 13-ին քննչական մարմնի կողմից հրավիրված լինելով հարցաքննության, փաստաբանին տեղեկացրել է այդ մասին, ով կրկին իրենից պահանջել է 491.880 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար, որը կինը նույն օրն առձեռն տվել է նրան:
Հետագայում երեխայի մայրը պարզել է, որ դուստրը 2021 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ-ից դուրս է բերվել դեպի Վրաստանի Հանրապետություն, այնուհետև ԱՄԷ Շարժա, որտեղից էլ Դուբայ քաղաք, ինչի մասին տեղեկացրել է փաստաբանին:
Այս դեպքում էլ խոստումներ տալով իբր «շեյխերի մակարդակով» հարցը կլուծի պահանջել է 2 միլիոն դրամ` գործընկերներին փոխանցելու համար։ Այնուհետևս ևս 2500 ԱՄՆ դոլար` Դուբայ մեկնելու և տոմսերի համար, որոնք վճարվել է։
Փաստաբանի հետ Դուբայ մեկնելուց հետո քաղաքացին պարզել է, որ իր դուստրը ավելի վաղ մեկնել է Թուրքիա։
«Դրանից հետո նրանք վերադարձել են Հայաստան՝ այդպես էլ չլուծելով անչափահաս երեխային մորը վերադարձնելու ստանձնած պարտավորությունը: Այդ կերպ, փաստաբանը, խմբի կազմում, քաղաքացուց խարդախությամբ հափշտակել է ընդհանուր 5.122.150 ՀՀ դրամ՝ վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս»,–ասված է ՔԿ հաղորդագրությունում:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա փաստաբանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Նրա նկատմամբ կալանքը ընտրվել է որպես խափանման միջոց։