Բաքուն կրկին հակադարձել է Արարատ Միրզոյանի՝ երեկվա հայտարարությանը

Բաքվի պնդմամբ՝ Հայաստանը խոչընդոտում է Ադրբեջանի կառավարության երկխոսությունը Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայ բնակիչների հետ։

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը անդրադարձել է Արարատ Միրզոյանի՝ երեկ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ արած այն հայտարարությանը, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմամբ էթնիկ զտման է ենթարկում ղարաբաղցիներին։

Ի պատասխան Ադրբեջանի ԱԳ նախարարությունը գրել է. «Կոչ ենք անում Հայաստանին՝ զերծ մնալ տարածաշրջանում խաղաղության և անվտանգությանը վնասող վտանգավոր հռետորաբանությունից, Ադրբեջանին անհիմն մեղադրելու փոխարեն կատարել ստանձնած պարտավորությունները և դադարեցնել միջազգային հանրության ուշադրությունը շեղելու փորձերը։ Հայաստանը դեռևս խրախուսում է միջազգային առաքելության ուղարկումը Ադրբեջանի տարածք, խոչընդոտում է Ադրբեջանի կառավարության երկխոսությունը Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայ բնակիչների հետ, և դա դիտվում է որպես միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին։ Եթե ​​Հայաստանը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության կողմնակից է, պետք է դադարեցնի նման միջամտությունները», – հավելել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print