ՏԵՍԱՆՅՈՒԹ․Զախարովան` Փաշինյանի հայտարարության մասին

Զախարովան նշել է, որ Ռուսաստանի համար կարևոր է հստակ հասկանալ պաշտոնական Երևանի դիրքորոշումը։

Ռուսաստանի համար՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման միջնորդի, կարևոր է հասկանալ Երևանի դիրքորոշումը։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որում ներառված է նաև Լեռնային Ղարաբաղը։

«Պետության կառուցվածքի քաղաքական տեսլականի մասին նման հայտարարությունները, ամեն դեպքում, Հայաստանի և նրա ժողովրդի խնդիրն են, երկրորդ՝ ես ձեր հարցը ընդունում եմ միայն այն առումով, որ Ռուսաստանը միջնորդ է կարգավորման հարցում, և այս առումով դա իսկապես կարևոր է. այս թեմայի շուրջ ունենալ պետության, մասնավորապես՝ Հայաստանի հստակ դիրքորոշումը… Առաջ գնալու համար, այդ թվում՝ ստորագրված փաստաթղթերի վերաբերյալ, պետք է հասկանալ պետության հստակ դիրքորոշումն այս հարցում։ Այս առումով Հայաստանի վարչապետի հայտարարությունը մենք համարում ենք հաստատում այն ​​դիրքորոշման, որը նա որդեգրել է 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահայի գագաթնաժողովի ժամանակ»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես են վերաբերվում Հայաստանի վարչապետի հայտարարություններին։

Զախարովան հիշեցրել է, որ Պրահայի գագաթնաժողովի արդյունքներով Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և ԵՄ ղեկավարները ստորագրել են հայտարարություն, որում հղում է արվել Ալմա-Աթայիի 1991 թվականի հռչակագրին։ ՌԴ ԱԳՆ խոսնակի խոսքով այդ հռչակագրում նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջև վարչական սահմանները ճանաչվել են միջպետական։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի տարածքի 86,6 հազար քառակուսի կիլոմետրը, որը Երեւանը պատրաստ է ճանաչել, ներառում է Լեռնային Ղարաբաղը։ Նա հավելել էր, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ձևաչափով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print