«Փաստ» թերթը գրում է․ «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Տիեզերական գործունեության մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում: Նշվում է, որ տիեզերական գործունեության իրականացումը մեր տնտեսության զարգացման ճյուղերից մեկն է, մինչդեռ այս ոլորտում կազմակերպությունների զարգացման համար բավարար քայլեր ձեռնարկված չեն։
Տիեզերական գործունեության լիցենզիա ստացել է միայն մեկ կազմակերպություն, իսկ ոչ առևտրային իրավաբանական անձանց համար պետտուրքի բարձր չափը խոչընդոտ է այս ոլորտում գործունեություն սկսելու համար։ Ուստի առաջարկվում է տիեզերական գործունեության իրականացման տարեկան պետտուրքի վճարումից ազատել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություն համարվող այն իրավաբանական անձանց, որոնց կանոնադրությամբ նախատեսված է տիեզերական գործունեության իրականացումը։ Միևնույն ժամանակ առաջարկվում է «Տիեզերական գործունեության մասին» օրենքի 7-րդ կետի 1-ին մասի 1-ին կետում ավելացնել նոր ենթակետ, համաձայն որի՝ շահագործողի կողմից լիազոր մարմնին ներկայացված հայտարարության հիման վրա, անհրաժեշտության դեպքում, լիազոր մարմինը կտրամադրի շահագործողի կողմից տիեզերական տեխնիկայի օգտագործման հանգամանքը հավաստող փաստաթուղթ:
Օրենսդրական փոփոխությունների արդյունքում տիեզերական գործունեության ոլորտում կներգրավվեն գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող կամ նորարարական և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման գործունեությամբ զբաղվող փոքր ոչ առևտրային սուբյեկտներ, որոնց համար բարձր պետտուրքը խոչընդոտ էր նշված ոլորտում գործունեություն ծավալելու համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։