Որ հարցերի շուրջ Ադրբեջանն ու Հայաստանը լեզու չեն գտնում․ «Հրապարակ»

Մայիսի 25-ին Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպումից հետո խախտվեց ընդունված օրինաչափությունը, եւ չստորագրվեց որեւէ փաստաթուղթ, թեեւ դրանից առաջ ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, հղում անելով անանուն աղբյուրին, հայտնել էր, թե նախատեսվում է երկու փաստաթղթի ստորագրում՝ եռակողմ հայտարարություն եւ փաստաթուղթ, որը վերաբերում է հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը եւ ստորագրվելու է փոխվարչապետների ֆորմատով: 

Նախորդ բոլոր եռակողմ հանդիպումներից հետո, որպես կանոն, նոր հայտարարություն էին տարածում։ Մոսկովյան հանդիպումից հետո հայաստանյան քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակներն արձանագրեցին, որ այն, ըստ էության, տապալվել է։ Նման եզրահանգման հիմքը ոչ միայն փաստաթղթի բացակայությունն է, այլեւ հանդիպման տեւողությունը, այն ընդամենը 20 րոպե տեւեց, որի կեսից ավելին Փաշինյանն ու Ալիեւը բանավիճում էին Զանգեզուրի միջանցքի թեմայով՝ հընթացս էլ ուշագրավ հայտարարություններ անում։ Դիցուք, Փաշինյանը բուռն արձագանքեց «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպմանը, փոխարենը լռեց, երբ Ալիեւն ասաց՝ Խանքենդի-Լաչին ճանապարհը՝ վերահաստատելով Արցախն Ադրբեջանին հանձնելու բրյուսելյան պայմանավորվածությունը։ Վերլուծաբանների կարծիքով, Ռուսաստանն այս հանդիպումով ընդամենը դեմքը փրկելու նպատակ էր հետապնդում, եւ ակնհայտ է, որ պայմանավորվածությունները կայանում են այլ՝ արեւմտյան հարթակում։

Հիշեցնենք․մայիսի սկզբներին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները Վաշինգտոնում քառօրյա բանակցային մարաթոն ունեցան, որին հաջորդեց Բրյուսելը՝ արդեն առաջին դեմքերի ֆորմատով։ Հենց այդ հանդիպումից հետո էլ Շառլ Միշելը հայտարարեց փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին կողմերի համաձայնության վերաբերյալ։ Նշենք, որ հաջորդ հանդիպումը Քիշնեւում է կայանալու՝ արդեն հնգակողմ ֆորմատով։ Փաշինյան-Ալիեւ զույգի պայմանավորվածությունների վկան Քիշնեւում կլինեն Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը։ 

Խորհրդարանի իշխող մեծամասնությունը համաձայն չէ, թե Մոսկվայի հանդիպումը ձախողվել է, երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՔՊ-ական պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Արթուր Հովհաննիսյանը չբացառեցին, որ առաջիկայում հնարավոր է հրապարակվի համապատասխան փաստաթուղթ։ Արթուր Հովհաննիսյանը հիշեցրեց՝ եռակողմ հանդիպմանը նախորդել են երկկողմ ձեւաչափով բանակցությունները, եւ այնպես չէ, որ 20 րոպե են շփվել։«Ռուսաստանի ղեկավարն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ։ Հենց այդ պատճառով էլ վերջնական հանդիպումն այդքան կարճ ստացվեց։ Պետք է սպասել ամփոփիչ հայտարարությանը»,- ասաց նա։

Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց, որ մեկ օրում, մեկ վայրկյանում, մեկ բանակցության ընթացքում փաստաթղթի ստորագրում, վավերացում կամ ուժի մեջ մտնել չի կարող լինել։ «Խաղաղության պայմանագիրը» ստորագրվելուց առաջ պետք է անցնի բոլոր անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը։ «Նախ պետք է կառավարությունը հավանություն տա նման փաստաթղթի ստորագրմանը, հետո Սահմանադրական դատարանը պետք է ստուգի դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանեցումը Սահմանադրությանը, հետո պետք է ներկայացվի ԱԺ վավերացմանը, այնուհետեւ պետք է ստորագրի հանրապետության նախագահը»,- ասաց նա, բայց հավելեց, որ սա միայն իր ենթադրություն է, քանի որ այս ամենը սահմանադրական նորմի պահանջ է։ Նույն գործընթացը, ըստ նրա, պետք է անցնի նաեւ Ադրբեջանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ի սկզբանե ակնկալիքներ չի ունեցել մոսկովյան հանդիպումից՝  բանակցությունների հերթական փուլն է, տարբեր մայրաքաղաքներում նման հանդիպումները շարունակական բնույթ են կրելու։«Երեկվա մոսկովյան եռակողմ հանդիպումից ակնկալիք չունեի, որ որեւէ համատեղ հայտարարություն է ընդունվելու: 2-3 տոկոս հավանականություն կար, որ տրանսպորտային ապաշրջափակման մասին տեքստ կլիներ, բայց դա էլ չեղավ»,- ասաց  ընդդիմադիր պատգամավորն ու փորձեց կրկին մարգարեանալ` ինքը չի կարծում, որ հունիսի 1-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր է կնքվելու։ Նշենք, որ մոսկովյան հանդիպումից մեկ օր անց եւ Քիշնեւից առաջ Ֆրանսիայում Բաքվի դեսպանը հայտարարեց՝ Ադրբեջանը եւ Հայաստանը կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել հունիսի 1-ին՝ Քիշնեւում։ «Մեր խնդիրները լուծվում են ոչ թե Վաշինգտոնում, Մոսկվայում, այլ մեր խնդիրները լուծվում են Հայաստանում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Փաշինյանի՝ իշխանության մնալու ամեն օրը կնշանակի նոր զիջումներ․«Մենք դեռ չենք կարողացել հեռացնել, քանի որ իշխանությունն իրենց համար ամեն ինչ է: Մեղավոր ենք, սխալ ենք, չենք կարողացել, փորձելու ենք էլի: Եվ սա լինելու է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Արցախում. կարծում եմ՝ այս երկու կենտրոններում պետք է ձեւավորվի հեռացնելու նոր գործընթաց»։ 

Իշխանական աղբյուրները նույնպես բացառում են, որ հունիսի 1-ին կստորագրվի փաստաթուղթ, քանի որ փաստաթղթի նախագծի բազմաթիվ կարեւոր դրույթների վերաբերյալ չկա փոխհամաձայնություն։ Մասնավորապես արցախահայության իրավունքների պաշտպանության մեխանիզմ դեռ չի ձեւավորվել, պարզ չէ՝ ով է երաշխավոր լինելու, բացի այդ, Ադրբեջանն ընդհանրապես դեմ է, որ պայմանագրում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում լինի, ադրբեջանցիները չեն համաձայնում նաեւ պայմանագրի մեջ նշել, թե որ քարտեզով պետք է առաջնորդվել։ Չնայած Փաշինյանն իր ասուլիսում հայտնեց 75 թվականի քարտեզի մասին, սակայն իշխանական աղբյուրներն ասում են՝ Ադրբեջանը սեփական քարտեզներ ունի եւ դեմարկացիան ու դելիմիտացիան իր գծած քարտեզներով է ուզում իրականացնել։ Ադրբեջանը չի ուզում ստորագրել, քանի որ հավակնություններ ունի ՀՀ տարածքի նկատմամբ, մասնավորապես Զանգեզուրի միջանցքի տեսքով։

Ի դեպ, մայիսի 25-ի հանդիպման մեկնարկին Պուտինը նույնպես հայտարարեց՝ կողմերի միջեւ դեռ չկարգավորված հարցեր կան։ Պուտինի խոսքով՝ չկարգավորված հարցերը բացառապես տեխնիկական բնույթ են կրում, դրանք, սակայն՝ հաղթահարելի են։ Թե հատկապես որ հարցերի շուրջ են տարաձայնությունները, Ռուսաստանի նախագահը չհստակեցրեց, միայն նշեց, որ «հարցը տերմինաբանության մեջ է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print