Ադրբեջանցիների կողմից առևանգված Հարությունը Կապանից է

Կապան խոշորացված համայքնի ղեկավար Գևորգ Փարսյանի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել հենց Կապան համայնքի տարածքում։

Թշնամու կողմից նախօրեին առևանգված 2 զինծառայողներից մեկը՝ Հարություն Յուրիկի Հովագիմյանը, Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքից է։

Հարությունը 34 տարեկան է, պայմանագրային զինծառայող։

Կապան խոշորացված համայքնի ղեկավար Գևորգ Փարսյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ դեպքը տեղի է ունեցել հենց Կապան համայնքի տարածքում։

«Կոնկրետ տեղը չեմ նշի, բայց մեր համայնքի տարածքում է եղել։ Հարությունն ինձ ծանոթ անձնավորություն է, պայմանագրային զինծառայող է, ծառայության ընթացքում բազմաթիվ անգամներ նկատել եմ իրեն»։

Հարցին՝ Հարությունն ամուսնացա՞ծ է, երեխաներ ունի՞, Գևորգ Փարսյանը պատասխանեց․ «Իմ ունեցած տեղեկություններով՝ ամուսնացած չէ, երեխաներ չունի»։

Հաշվի առնելով, որ խնդիրը Պաշտպանության նախարարության տիրույթում է, այլ հարցեր չուղղեցինք համայնքի ղեկավարին։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը երեկ հայտնել էր, որ մայիսի 26-ին, ժամը 19:00-ից մարտական դիրքեր սնունդ մատակարարող 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Գերատեսչությունը հայտնել էր, որ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանքներեն ընթանում: Քննվում է նաև դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը:

Այսօր արդեն ՊՆ-ից հայտնեցին, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print