ՔԿ–ից հայտնում են, որ մեքենան գտնվել է շարժիչը գործարկված վիճակում։
ՀՀ քննչական կոմիտեում Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու և ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի առևանգելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
ՔԿ–ից հայտնում են, որ մեքենան գտնվել է շարժիչը գործարկված վիճակում, մեքենայի մեջ հայտնաբերվել է մեկ միավոր ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ։
«Նախնական տվյալներով՝ հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը և առևանգել զինծառայողներին»,–ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ։
Հաշվի առնելով, որ առկա են Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, զինծառայողներին առևանգելու, նրանց կամքին հակառակ կամ նրանց կամքն անտեսելով տեղափոխելու հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 9-րդ կետերի, 469-րդ հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Իրականացվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ ծավալուն միջոցառումներ՝ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից սահմանն ապօրինի հատելու և զինծառայողների առևանգման հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ։
Հիշեցնենք,որ երեկ` մայիսի 26–ին, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր։ Այսօր ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը։
Հավելենք, որ ադրբեջանցիներն առևանգել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, կապանցի Հարություն Յուրիկի Հովագիմյանին և Կարեն Աշոտի Ղազարյանին։