Դավիթ Տոնոյանը առանց «անկլավների» փաստաթղթի վերջնհական տարբերակն էր ներկայացվել Փաշինյանին

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսից հետո 44-օրյա պատերազմի ընթացքում զինադադար կնքելու մասին բանակցությունների վերաբերյալ թեև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը հիշատակել է իմ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի, իր, ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի գործողությունները, սակայն ինքս չեմ ցանկանում գնահատականներ տալ որևէ պաշտոնյայի, այդ թվում՝ այդ պահին ԱԱԾ նորանշանակ պետի` նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բովանդակության ձևակերպման հարցում ներդրված ջանքերի ծավալի վերաբերյալ:

Նման գնահատական կարող է տալ ՀՀ կողմից ՌԴ նախագահի հետ միակ բանակցողը` ՀՀ վարչապետը, ով անձամբ համադրել և համակարգել է խորհրդակցությունների մասնակից բոլոր գերատեսչությունների ղեկավարների աշխատանքը:

Իսկ այն մասին, որ ՀՀ վարչապետն ասուլիսում նշել է, որ չի համաձայնել ստորագրել եռակողմ հայտարարության այն տարբերակը, որտեղ հիշատակվում էին, այսպես կոչված, «անկլավները», և հաշվի առնելով, որ դրանից հետո տարբեր մեկնաբանություններ են արվել այդ կապակցությամբ, ցանկանում եմ հայտարարել, որ ես ժամանակին չեմ անդրադարձել դրան՝ ելնելով ՀՀ ազգային անվտանգության շահերից և դաշնակից պետությունների հետ հարաբերություններին չնվնասելու նկատառումներից:

Սակայն 2021 թվականի հունվարի 25-ին հրապարակված հարցազրույցում, չբացելով փակագծերը, նշել եմ, որ «զուտ պաշտպանության ոլորտի թեմաներից բացի, ՌԴ պաշտպանության նախարարի հետ մեր մշտական աշխատանքային կապի շնորհիվ հաջողվել է լուծել մի շարք այլ կարևոր հարցեր»:

Այսօր, հաշվի առնելով Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, դարձյալ չբացելով բոլոր փակագծերը, որոշ մանրամասներ կներկայացնեմ:

2020թ․ նոյեմբերի 9-ի երեկոյան ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում նա որոշում կայացրեց, որ չի ստորագրի եռակողմ հայտարարության նոյեմբերի 9-ի տարբերակը՝ միաժամանակ ինձ, ԱԳՆ-ին և այլ գերատեսչություններին հանձնարարելով միայն իր դիրքորոշումը փոխանցել մեր ռուս գործընկերներին:

Մինչ վերոհիշյալ հանձնարարությունը ստանալը՝ ժամը 18:30-ի սահմաններում, Ադրբեջանը Նախիջևանի տարածքից խոցեց ռուսական ուղղաթիռը, և քանի դեռ պատահարի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի չէր, ՀՀ վարչապետի ընդունարանից բավական ծանր խոսակցություն ունեցա իմ ռուսաստանցի գործընկերոջ հետ:

Դրանից հետո, երբ պարզ դարձավ, որ ուղղաթիռը խոցվել է Ադրբեջանի կողմից, իմ և իմ ռուսաստանցի գործընկերոջ միջև մոտ 4 ժամվա ընթացքում տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների ժամանակ քննարկել ենք հակամարտության գոտուց հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող «անկլավների», խաղաղապահ ուժերի տեղակայման, հրադադարի ուժի մեջ մտնելու պահին հայկական ուժերի` այդ պահի դրությամբ իրենց զբաղեցրած դիրքերում մնալու, Լաչինի միջանցքի լայնության և այլ կարևոր հարցեր։ Համաձայնեցված փաստաթղթի վերջնական տարբերակը՝ առանց «անկլավների» հիշատակման, ներկայացվել է ՀՀ վարչապետին:

Իսկ ԱԺ պատգամավորների և լրագրողների կողմից պարբերաբար բարձրացվող այն հարցին, որ եթե համաձայնեցվել է, որ հայկական զորքերը մնում են 2020թ․ նոյեմբերի 9-ի դրությամբ զբաղեցված դիրքերում, ինչո՞ւ այդ կետը չկատարվեց և ինչո՞ւ «անկլավների» հարցը չփակվեց, շեշտում եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել 2020թ. նոյեմբերի 20-ից՝ իմ պաշտոնանկությունից հետո, մասնավորապես, Սյունիքում մեր ստորաբաժանումների ետ քաշվելը զբաղեցրած դիրքերից, ինչպես նաև անկլավների հարցի վերադարձը օրակարգ, աղերս չունի իմ՝ որպես ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հետ:

Այլ մանրամասների մասին կարող եմ խոսել միայն ԱԺ քննիչ հանձնաժողովում, այն էլ՝ թույլատրելիության սահմաններում բաց, հրապարակային նիստին ՀՀ վարչապետի մասնակցության պայմանով` հետագայում փաստերը որևէ մեկի կողմից չխեղաթյուրելու և չաղավաղելու նկատառումներից ելնելով»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print