Հայկական կողմը դեռ ապրիլին իր համաձայնության մասին հայտնել է ռուսական կողմին։
Հայկական կողմը դրական է արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
«Հայկական կողմը դեռ ապրիլին իր համաձայնության մասին հայտնել է ռուսական կողմին»,– տեղեկացրեցին ԱԳՆ-ից։
Ավելի վաղ գրել էինք, որ Մոսկվայում հայ-ռուսական փորձագիտական կլոր սեղանի ժամանակ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Պալտովը հայտնել Էր, որ Ռուսաստանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզում։
Ռուս դիվանագետը նաև ասել էր, որ որոշում է կայացվել հյուպատոսության բացման համար պետական երկարատև ընթացակարգեր չանցկացնել, որոնք առնվազն մեկ տարի կպահանջեն, այլ գնալ պարզեցված ճանապարհով:
Պալտովը նաև շեշտել էր, որ մարդկանց ուղարկելու են տեղում աշխատել և իրենց ներդրումն ունենալ ոչ միայն հայ-ռուսական բարեկամության պահպանման, այլև Հայաստանի ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս տարածաշրջանի անվտանգության գործում։